Логотип

ՌԴ-ն էներգետիկ ռեսուրսներ կմատակարարի ընդհանուր սահման ունեցող հարևան երկրներին

Մերձավոր Արևելքում տիրող ճգնաժամի պատճառով Ռուսաստանը վերանայում է էներգակիրների մատակարարման շղթաները և առաջնահերթությունը կտա ընդհանուր սահման ունեցող հարևան երկրներին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովը, հաղորդում է TASS-ը։

«Նեղուցի շրջափակման տեսանկյունից մենք բոլորս հասկանում ենք, որ այժմ մատակարարման ցանկացած շղթա կարող է հարվածի տակ հայտնվել։ Հետևաբար, մենք այժմ վերաիմաստավորում ենք էներգառեսուրսների մատակարարման այն շղթաները, որոնք պատրաստվում ենք իրականացնել։ Իհարկե, առաջին հերթին մատակարարումներ կկատարենք այն անմիջական հարևաններին, որոնց հետ ունենք սահմաններ և որտեղ ռիսկերն ավելի քիչ են, ինչպես նաև կվերանայենք նավթամթերքի մատակարարման այլ լոգիստիկ ուղիները», – ասել է նա։

Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքի հակամարտությունը ստիպում է բոլոր բանական մարդկանց վերանայել մատակարարումների ոլորտում առկա մոտեցումները։ «Ողջ աշխարհը ստիպված է լինելու վերանայել լոգիստիկ շղթաները և այլ կերպ գնահատել ռիսկերը։ Կարծում եմ՝ սա այժմ բոլորի մոտ խորը ուսումնասիրության փուլում է։ Միայն մի բան կարող եմ ասել. սա մեծ մարտահրավեր է, իրապես մեծ մարտահրավեր համաշխարհային տնտեսության համար, և մենք պետք է լոգիստիկ շղթաների նոր համակարգ կառուցենք», – նշել է Ցիվիլյովը։

News.am