«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամ Նարեկ Կարապետյանը մարտի 25-ին հուշագրեր է ստորագրել հունական և նիդերլանդական ընկերությունների՝ «DRCS»-ի և «Dyami Security Intelligence»-ի հետ։ Հունական ընկերության կողմից հուշագիրը ստորագրել է անվտանգության ոլորտի փորձագետ Էֆտիմիս Տուրտիդիսը, Նիդեռլանդների կողմից՝ անվտանգության հարցերով խորհրդատու Պիտեր Վան Դեր Լինդենը
Կարապետյանը նշել է, որ ստորագրվող հուշագրերը կարևոր նշանակություն կունենան Հայաստանի անվտանգության ապագայի համար։ «Մենք համաձայնագրեր կստորագրենք երկու կազմակերպությունների հետ։ Առաջինը նիդերլանդական ընկերություն է, որը զբաղվում է տարբեր երկրների հատուկ ստորաբաժանումների պատրաստմամբ, երկրորդը՝ հունական ընկերություն է, որը նույնպես վերապատրաստում է տարբեր տեսակի սպառազինություն կիրառող զինծառայողների», – նշել է նա
Կարապետյանի խոսքով՝ սա կարևոր քայլ է ժամանակակից անվտանգության համակարգերի և պատրաստված բանակի ձևավորման ճանապարհին: «Նիդերլանդական «Dyami Security Intelligence» ընկերությունը անվտանգության ոլորտի առաջատարներից է, իսկ հունական «DRCS»-ն աշխատում է միջազգային մակարդակով՝ մարտավարական պատրաստության բնագավառում: Հուշագրի ստորագրումը նշանակում է փորձի փոխանակում, համագործակցության ընդլայնում, նոր գիտելիքների ձեռքբերում և հմտությունների կատարելագործում՝ եվրոպական չափանիշներին համապատասխան: Հենց սա պետք է մեր քաղաքացիներին դարձնի ավելի պաշտպանված, իսկ մեր երեխաների ապագան՝ խաղաղ», – նշել է Նարեկ Կարապետյանը՝ խոստանալով, որ սա միայն սկիզբն է, կլինեն նոր գործընկերներ, համագործակցության նոր ձևաչափեր և փոխգործակցության նոր մակարդակ: «Որքան էլ մեզ փորձեն համոզել, թե մենք մենակ ենք, և իբր մեզ ոչ ոք չի օգնում, մենք պատասխանում ենք՝ ամեն ինչ կախված է բանակցողից և նրա հմտություններից: Մենք գիտենք, թե ինչպես վարել բանակցություններ. դա հաստատված է գործով և արդյունքներով», – եզրափակել է նա։
News.am
