Логотип

«ՏՆԱՅԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ» ՇՈՒՏՈՎ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ նոր սահմանադրության նախագծի իրավական մասը պատրաստ է, մնացել է քաղաքական մասը: Մինչդեռ մարտը մոտենում է ավարտին։ Իսկ Փաշինյանը խոստացել էր մարտին ներկայացնել պատրաստի նախագիծը։ Ադրբեջանում անհամբեր սպասում են, թե ինչպես է Փաշինյանը կատարում Իլհամ Ալիևի հերթական «տնային հանձնարարությունը»։

ՊԵՏՔ Է ԵՆԹԱԴՐԵԼ, ՈՐ ՆԱԽԱԳԾԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՍԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՊԱՏՐԱՍՏ Է, միայն թե իշխանությունները վախենում են ֆալստարտից։ Քանզի վարչապետի արտառոց պահվածքի պատճառով իշխանական կուսակցության հասցեին մեղադրանքներն առանց այդ էլ շատ են. նա ծանր ժամանակներ է ապրում իր ցածր վարկանիշով։

Ակնհայտ է, որ նախագծի հրապարակումից հետո հանրային դատապարտման հերթական ալիքը կգլորվի իշխող թիմի վրա, իսկ վարչապետի համար այնքա՜ն կարևոր է եթե ոչ դրական, ապա գոնե չեզոք արձագանքը։ Այն աստիճան կարևոր, որ Փաշինյանը նույնիսկ դադարեցրել է հարձակումները Հայ Եկեղեցու վրա, իսկ պատարագների գնալու փոխարեն վազվզում է քաղաքով մեկ՝ թիկնազորի ու իր հավատարիմ թիմի ուղեկցությամբ:

Կարծում ենք, իշխանությունը պարզապես ժամանակ է ձգում՝ սահմանադրության նախագծի հրապարակման ամենահարմար պահը գտնելու համար, որն արդեն պատրաստ է։ Այս մասին են վկայում նոր սահմանադրության նախագծի առանձին փոփոխված դրույթների վերաբերյալ արտահոսքերը մամուլում և դրանց առնչությամբ իշխանությունների վեհերոտ առարկությունները, իբր՝ դեռ վերջնական չէ.…

Միանշանակ է, որ նոր սահմանադրության նախագծում չի լինելու հղումը Հանրապետության Անկախության հռչակագրին։ Ալիևի պահանջով սահմանադրության նախաբանից հանվելու է Հռչակագրի հիշատակումը, քանի որ այնտեղ խոսվում է Արցախի և Հայոց ցեղասպանության մասին:

Ի՜նչ արած, Նիկոլին անհրաժեշտ է կատարել «տնային հանձնարարությունը», հո իզուր չէ խեղճը այդքան ճիգ ու ջանք գործադրել առաջադրանքը կատարելու համար, հորինել «իրական Հայաստանի» և «չորրորդ հանրապետության» ամբողջ հայեցակարգ։

Որպեսզի համոզի համաքաղաքացիներին, որ խոսքը միայն Ալիևի հանձնարարությունը կատարելու մասին չէ, լինելու են նաև այլ փոփոխություններ։ Վերոնշյալ արտահոսքերի և իշխանությունների մեղմ առարկությունների համաձայն՝ հանվելու են այն դրույթները, որոնք թույլ են տալիս ազգությամբ հայ անձանց պարզեցված կարգով ստանալ ՀՀ քաղաքացիություն. դա Փաշինյանի վրեժն է Սփյուռքից, որն իր ճնշող մեծամասնությամբ չի ընդունում նրա քաղաքականությունը։

Ձեռքի հետ էլ Փաշինյանն ակնկալում է նոր սահմանադրությամբ հպարտանալ Եվրոպայի առջև, որը միշտ ջերմորեն է ընդունում և ծափերով ճանապարհում նրան։ Ուստի առաջարկվում է Հիմնական օրենքի տեքստից հանել այն դրույթը, որ ամուսնանալիս, ամուսնության ընթացքում և ամուսնալուծվելիս տղամարդն ու կինը ունեն հավասար իրավունքներ։ Դա, ըստ երևույթին, պետք է, որպեսզի, Փաշինյանի խոսքերով ասած, «դուռ բացվի» նույն սեռի մարդկանց ամուսնության հնարավորության համար։

Եվ վերջապես, առաջարկվում է ամրագրել այն դրույթը, ըստ որի՝ խորհրդարանն իրավունք ունի կասեցնել կամ չեղարկել անդամակցումն այս կամ այն միջազգային կազմակերպությանը։ Առանց հարցը հանրաքվեի դնելու։ Խայթոց Ռուսաստանի՝ ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի կարգի կազմակերպությունների առանցքային կերպարի հասցեին…