Մենք հասկանալիորեն շատ խոսում ենք խաղաղության մասին, բայց ուզում եմ ընդգծել, որ խաղաղությունը ոչ միայն քաղաքական, այլև սոցիալ-հոգեբանական հասկացություն է։ Այս մասին այսօր՝ մարտի 26–ին, կառվարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես ուզում եմ կառավարության նիստում արձանագրել և նույնիսկ դատապարտել բոլոր այն միտումները, որոնց նպատակը Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին և ընդհանրապես հայ ժողովրդին պանդուխտի կարգավիճակում պահելն է։
Երբ որ մենք խոսում ենք վերադարձի օրակարգի մասին, մենք ըստ էության առաջինը չենք թողնում, որ այդ մարդիկ խաղաղվեն և տնավորվեն։ Սա շատ կարևոր է, որովհետև խաղաղությունը մենակ պայմանագիր չի, խաղաղությունն այն է, որ մարդը խաղաղվի, հասկանա, որ ճամպրուկը կապած վիճակում չպահի։ Չկա ավելի դաժան և տառապալի բան, քան սպասումը։ Բայց մենք, որպես ժողովուրդ, արդեն 100 քանի տարի է այդ սպասումով ենք ապրում և սա կայսերական քաղաքականություն է, սա հակահայկական, ապահայկական քաղաքականություն է, որ մի խաղաղվեք, էսա կվերադառնաք կամ կվերադարձնենք, հեսա ցեղասպանության միջազգային ճանաչում կլինի, հեսա կվերադառնաք Վան, Մուշ, չգիտեմ, Կիլիկիա, և այլն։
Այս քաղաքականությունը ունի երկու նպատակ. առաջինը հայ ժողովրդին պահել պանդուխտի գիտակցության մեջ, և երկրորդը թույլ չտալ, որ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն կայանա, որովհետև այն երկիրը, որտեղ իշխող սոցիալ հոգեբանությունը պանդուխտի սոցիալ հոգեբանություն է, որ մենք ինչ-որ մի տեղ պետք է գնանք, սա այն տեղը չի, որտեղ մենք պետք է մնանք, այդ պետությունը չի կարող կայանալ»,– հայտարարեց Փաշինյանը։
News.am
