Логотип

Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը տեղի կունենա 2026 թ. մայիսի 4-5-ը

2026թ. մայիսի 4-ին և 5-ին Երևանում կայանալու է ՀՀ-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը, որին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ Եվրոպական միությունը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ միասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Գագաթնաժողովին ընդառաջ նախագահներ Կոշտան և ֆոն դեր Լայենը նաև մասնակցելու են 2026թ. մայիսի 4-ին Երևանում տեղի ունենալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին:

«ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի առանցքում կլինեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, մասնավորապես՝ տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, թվային, մարդկանց միջև շփումների ոլորտներում վերաբերող հարցերը: Առաջնորդները նաև կքննարկեն Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության, փոխկապակցվածության և բարգավաճման ապահովման ուղղությամբ առաջընթացը, ինչպես նաև ընթացիկ համաշխարհային մարտահրավերները:

ՀՀ-ԵՄ գագաթնաժողովն արտացոլում է վերջին տարիներին երկկողմ գործընկերության աննախադեպ դինամիկան: Հայաստանի հետ ԵՄ հարաբերությունները հիմնված են «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի» վրա, որն ուժի մեջ է մտել 2021 թվականին, և «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթղթի վրա, որն ընդունվեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի և ԵՄ ընդլյանման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի մասնակցությամբ 2025թ. դեկտեմբերին կայացած ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրի նիստում: Եվրոպական միությունը Հայաստանի առանցքային գործընկերն է բարեփոխումների օրակարգի, ինչպես նաև առևտրի ու ներդրումների ոլորտում:

ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ՀԸԳՀ շրջանակներում Հայաստանը շարունակում է կյանքի կոչել համապարփակ բարեփոխումների օրակարգ՝ հիմնված ժողովրդավարության, թափանցիկության և իրավունքի գերակայության վրա, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի, դատական համակարգի բարեփոխման և քաղաքացիների առջև հաշվետվողականության բարձրացման հարցերում, ինչպես նաև ապահովելու բոլորի համար հավասար տնտեսական, աշխատանքային և սոցիալական հնարավորություններ:

2024թ. սեպտեմբերին մեկնարկել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությունը՝ միտված ՀՀ աղաքացիների համար ԵՄ հետ առանց մուտքի արտոնագրերի ճամփորդական ռեժիմի հաստատմանը:

2025թ. հուլիսի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ վերահաստատելու և առաջ մղելու ՀՀ-ԵՄ զարգացող գործընկերությունը: 2025 թվականն ընդհանուր առմամբ աչքի է ընկել ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսության, բարձրաստիճան փոխայցելությունների և գործընկերության խորացման բարձր դինամիկայով:

2025թ. օգոստոսին ԵՄ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի նախաստորագրումը և հռչակագրի ստորագրումը: ԵՄ պատրաստակամ է ներդրումների միջոցով աջակցել ներառական տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանը և տարածաշրջանում հաղորդակցությունների լիարժեք բացմանը՝ հօգուտ հարատև խաղաղության և կայունության»,–նշված է հաղորդագրության մեջ:

News.am