Զոհված զինծառայողների ծնողները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում ներկայացրին դատախազություն: Փաստաբան Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հաղորդումը Քրեական օրենսգրքի երկու հոդվածով է՝ առանձնապես ծանր հանցագործություններ համարվող պետական դավաճանության և մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների հատկանիշներով։ Փաստաբանը պարզաբանեց, որ հիմքում Փաշինյանի հայտարարություններն են։
«Մեր գրասենյակը վերջին երեք օրերի ընթացքում հանցանքի մասին արդեն երրորդ հաղորդումն է ներկայացնում։ Առաջինը վերաբերում էր ակնհայտ ընտրակաշառքին, երբ ներկուսակցական քարոզարշավի ընթացքում անձանց խոստացել են 12,000 դրամ աշխատավարձ, երկրորդը՝ պատերազմի սպառնալիքին, թե եթե չկազմեն սահմանադրական մեծամասնություն, ապա պատերազմ կլինի»,- նշեց Վահան Հովհաննիսյանը։
Այսօր ներկայացվածը երրորդ հաղորդումն է՝ կապված երեկ ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում Փաշինյանի արած հայտարարությունների հետ։ Նա հիշեցրեց, որ ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հարցին՝ Փաշինյանն ասել է, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ գնացել են գիտակցված զոհողությունների՝ ՀՀ փրկության համար։
«Ըստ էության՝ Փաշինյանն ընդունեց, որ այն, ինչ կատարվել է 2020 թ. պատերազմի ընթացքում, իր դիտավորյալ զոհողությունն է։ Իսկ այդ զոհողություններն են՝ 5000 զինծառայող, տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ, բազմաթիվ անհետ կորածներ, գերեվարվածներ, բռնի տեղահանվածներ և, ի վերջո, Արցախի կորուստը»,- ասաց Հովհաննիսյանը։
Նա նաև հիշեցրեց, որ 2022 թվականին էլ գրեթե նույն բանն է ասել Փաշինյանը՝ պատերազմում կարող էր զիջումների գնալ ու կլիներ նույն իրավիճակը, բայց առանց զոհողությունների, ինչի հիման վրա էլ այն ժամանակ հաղորդում էր ներկայացվել։
«Այս հայտարարությունը գալիս է լրացնելու այդ խոսույթը և ևս մեկ անգամ ընդգծում է, որ նա իր իսկ խոսքերով հիմքեր է ստեղծում իր դեմ քրեական պատասխանատվություն նախաձեռնելու համար։ Այս իշխանության պարագայում որևէ արդյունքի հասնելու հույս չկա, սակայն սա չի նշանակում, որ չպետք է գնահատական տանք Փաշինյանի խոստովանական հայտարարություններին»,- ընդգծեց Հովհաննիսյանը։
Փաստաբանն իրավապահների անունից խնդրեց Նիկոլ Փաշինյանին մեղմել հռետորաբանությունը կամ գոնե օգտվել լռելու սահմանադրական իրավունքից, քանի որ չեն հասցնում այդքան հաղորդումներ ներկայացնել։ Ծնողները ստորագրեցին դիմումը և հանձնեցին դատախազություն։
Sputnik Արմենիա
