Իրանը պաշտոնական պատասխան է ուղարկել հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ-ի խաղաղության ծրագրին և սպասում է Վաշինգտոնի արձագանքին։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
«ԱՄՆ-ի առաջարկած 15 կետերին Իրանի պատասխանը պաշտոնապես փոխանցվել է երեկ երեկոյան՝ միջնորդների միջոցով։ Իրանը սպասում է հակառակ կողմի արձագանքին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ իր պատասխանում Իրանը հայտարարել է Թեհրանի դեմ ագրեսիան դադարեցնելու, ինչպես նաև հակամարտության կրկնությունը բացառող պայմաններ ստեղծելու անհրաժեշտության մասին։ Բացի այդ, Թեհրանը պահանջում է վնասի փոխհատուցում և երաշխավորված ռազմատուգանքներ, պահանջում է նաև ավարտել հակամարտությունը «բոլոր ճակատներում», ինչը վերաբերում է տարածաշրջանում Իրանի դաշնակից «դիմադրության խմբերին»։
Բացի այդ, Tasnim-ի տվյալներով՝ Իրանը նաև պահանջում է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ։
Ավելի վաղ «New York Times» թերթը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն 15 կետից բաղկացած խաղաղության ծրագիր է ուղարկել Իրանին։ «Al Mayadeen»–ն իր հերթին գրել էր, որ Իրանը Պակիստանին տեղեկացրել է ԱՄՆ-ի առաջարկած ծրագիրն ընդունելու անհնարինության մասին: Փաստաթղթի համաձայն՝ Թեհրանը պետք է ապամոնտաժի 3 առանցքային միջուկային օբյեկտներ և ամբողջությամբ հրաժարվի իր տարածքում ուրանի հարստացումից, կասեցնի բալիստիկ հրթիռների մշակումը, կրճատի դաշնակից խմբավորումներին տրվող աջակցությունը, ինչպես նաև ապահովի Հորմուզի նեղուցի լիակատար բացումը։
Sputnik Արմենիա
