Логотип

ՁԱԽՈՂԱԿՆԵՐԻ ՀԱՄԵՍՏ ՀՄԱՅՔԸ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քիչ էր մնում լաց լիներ, երբ նրան հիշեցրին, թե ինչպես էր պարծենում Ակնայի նռները ձեռքին իր լուսանկարով: Շատ վախեցավ ու սկսեց արդարանալ, թե «Ակնա»-չի ասել, ասել է՝ «Աղդամ» … Դեռ լավ է, որ չավելացրեց՝ «դուք ինձ այդպես խայտառակում եք Ալիևի աչքում…»։ Դե, իսկ որ խոսել է Աղդամի մասին, սխալ է արել, արդեն բազմիցս ասել է դա…

ՆԱ «ՍԽԱԼ Է ԱՐԵԼ»։ ՆԻԿՈԼՆ ԷԼ ԷՐ «ՍԽԱԼ ԱՆՈՒՄ», ԵՐԲ ԱՍՈՒՄ ԷՐ, ՈՐ ՊԵՏՔ Է ՄԵՐ ԲԱՌԱՊԱՇԱՐԻՑ ՀԱՆԵԼ «ՓՈԽԶԻՋՈՒՄ» ԲԱՌԸ։ «Սխալվում էր», երբ ասում էր, որ Արցախը Հայաստան է։ Հետո «սխալվեց», երբ ասաց, թե միջնորդների առաջարկներ սեղանին չկան։

Ապա «սխալվեց», երբ ասաց, թե իբր՝ եթե Ալիևն այսուհետ իրեն խելոք չպահի, ապա ինքը՝ Փաշինյանը, այնպիսի բացահայտումներով հանդես կգա, որ Ադրբեջանի նախագահը շան օրը կընկնի։

Այնուհետ «սխալվեց», երբ ասում էր, որ Թուրքիան եկել է մեր երկիր, որպեսզի նոր Ցեղասպանություն իրականացնի։

«Սխալվում էր», երբ ասում էր, թե պետք է առաջնորդվել «անջատում հանուն փրկության» հայեցակարգով, իջեցնել նշաձողը և «Արևմուտքը մեզ կօգնի»։ Սխալվում էր նաև, երբ 2020-ի Ազգային անվտանգության ռազմավարության մեջ խոսում էր Արցախի ինքնորոշման անսահմանափակ իրավունքի մասին, իսկ իր նախընտրական ծրագրում՝ խոստանում Շուշիի ու Հադրութի դեօկուպացիա։

Եվ ահա այսպես, նա շարունակ «սխալվում էր», մինչև որ տանուլ տվեց պատերազմն ու վերջնականապես հանձնեց Արցախը։ Դրանից հետո, ասում է նա, իր աչքերը բացվեցին, քանի որ «սխալվել է» լոկ այն պատճառով, որ մեծ հայրենասեր էր։ Իսկ հիմա արդեն չի «սխալվում», երբ ասում է, թե Ղարաբաղի հարցը օղապարան էր Հայաստանի վզին։

Հիմա, ասում է, ինքը դարձել է կաղապարները կոտրող առաջնորդ։ Ոչ ավելի, ոչ պակաս: Այսինքն հիմա, ամեն ինչ հանձնելուց, մեծ ու փոքր քաղաքականության մեջ իրեն բացարձակ ձախողակ ցուցաբերելուց հետո, նա կոտրում է կաղապարները, երբ ասում է, թե պետք է շարունակել հանձնել…

Ճիշտ է, հիմա էլ է սխալվում։ Ամիսներ առաջ ասում էր, թե վերջ. իր իմաստուն քաղաքականության շնորհիվ ապահովված է հայոց պետության դարավոր գոյությունը։ Հիմա ասում է, որ եթե, Աստված մի արասցե, ընտրությունների արդյունքում սահմանադրական մեծամասնություն չստանա խորհրդարանում, ապա սեպտեմբերին պատերազմ կսկսվի։ Աղետալի պատերազմ…

Ահավասիկ այս բոլոր սխալների հաշվառումով էլ ձեզ էլ ասում են. դուք կա՛մ դավաճան եք, կա՛մ ձախողակ, կամ էլ երկուսը միասին, հեռացե՛ք ։ Ազատեք երկիրը ձեր անվերջանալի սխալներից։ Ամենից լավ ասել է, իհարկե, նիկոլական «արդար» դատարանի դահլիճում մահացած Արմեն Գրիգորյանը. պետք է սրանց հեռացնել, որ մարդիկ այլևս չզոհվեն, որ տարածքներ այլևս չհանձնվեն, որ կորուստներ այլևս չլինեն…

Առավել քան արդիական է այսօր: Դրա համար էլ ասում ենք. հեռացեք՝ ձեր «սխալներով» հանդերձ, բա՛վ է աշխարհաքաղաքական փորձադաշտի վերածեք Հայաստանը ձեր «սխալների» համար։ Արթնացրեք խղճի մնացուկները, հաշվեք, թե քանի մարդ է մահացել ձեր «սխալների» պատճառով, քանի մարդ է տնազուրկ եղել ձեր «սխալների» պատճառով:

Հռետորական կոչ է, իհարկե։ Նրանք շատ են վախենում կորցնել իշխանությունը։ Այնպես են վախենում, որ պատրաստ են նոր աղետի մեջ գցել երկիրը, միայն թե նստած մնան աթոռներին։