Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հինգշաբթի «խորին մտահոգություն» է հայտնել Իրանի «Բուշեր» ատոմակայանի մոտ վերջերս տեղի ունեցած ռազմական հարվածների կապակցությամբ՝ զգուշացնելով, որ գործող կայանին ցանկացած վնաս կարող է հանգեցնել «խոշոր ռադիոլոգիական վթարի», հաղորդում է CNN-ը։
Գրոսին նշել է, որ վերջին հարվածները տեղի են ունեցել երեքշաբթի երեկոյան։
Քանի որ «Բուշերը» գործող ատոմակայան է և պարունակում է «մեծ քանակությամբ միջուկային նյութ», Գրոսին զգուշացրել է, որ կայանին հասցված վնասը կարող է հանգեցնել «խոշոր ռադիոլոգիական վթարի, որը կազդի Իրանի ներսում և երկրից դուրս մեծ տարածքի վրա»։ Գրոսին կրկին առավելագույն զսպվածության կոչ է արել՝ միջուկային վթարի ռիսկից խուսափելու համար, և ընդգծել է զինված հակամարտության ժամանակ ԱԷՄԳ-ի կողմից միջուկային անվտանգության «յոթ սյուներն» անվանվող սկզբունքներին հետևելու կարևորությունը։
News.am
