Логотип

Պատգամավոր․ Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումները գալիս են ռուսական, թուրքական և ադրբեջանական մամուլից

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը հայտարարեց, որ Հայաստանի դեմ հիբրիդային միջամտությունները դրսևորվում են տարբեր երկրների մեդիա հարթակներում, հիմնականում՝ ռուսական, թուրքական և ադրբեջանական։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում, արձագանքելով ընդդիմության հայտարարություններին, թե իշխանությունները խուսափում են նշել հիբրիդային միջամտությունների աղբյուր պետությունը, Մինասյանը նշեց, որ անհրաժեշտ է նախ հստակ հասկանալ հիբրիդային հարձակման բնույթը։

«Նախ մեր ընդդիմադիրներին հորդորում եմ հասկանալ՝ ի՞նչ է հիբրիդային հարձակումը, հետո՝ պնդումներ անել»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ հիբրիդային հարձակումները վերաբերում են արտաքին միջամտությանը, որը կարող է իրականացվել տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տեղեկատվական դաշտում։

«Արտաքին միջամտության տեսանկյունից տարբեր են երկրները, և մենք դրա դրսևորումները տեսնում ենք՝ շատ բացահայտ, հստակ կերպով և՛ ռուսական, և՛ թուրքական, և՛ ադրբեջանական մամուլում»,- նշեց Մինասյանը։

Նա ընդգծեց, որ նման միջամտությունները հաճախ արտահայտվում են կեղծ տեղեկությունների տարածմամբ, այդ թվում՝ վարչապետի և իշխանությունների վերաբերյալ։

«Հրապարակումները լինում են տարբեր անանուն կայքերում կամ հայտնի կայքերի անունների փոփոխված տարբերակներով՝ քաղաքացիներին շփոթեցնելու համար»,- ասաց պատգամավորը։

Մինասյանի խոսքով՝ իշխանությունները փորձում են արագ արձագանքել նման հրապարակումներին և հերքել կեղծ տեղեկությունները՝ մինչև դրանք լայն տարածում կստանան։

Նա նաև կոչ արեց լրատվամիջոցներին հետևել պաշտոնական հերքումներին և աջակցել կեղծ տեղեկությունների դեմ պայքարին։

«Մենք աշխատում ենք պրոակտիվ կերպով հերքել այդ տեղեկատվությունը, և հորդորում եմ լրատվականներին հետևել այդ հերքումներին և տարածել դրանք»,- նշեց նա։