Логотип

ՀԴԿ-ն և «Միասին» շարժումը ընդդիմությանն առաջարկել են հուշագիր ստորագրել

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը և «Միասին» շարժումը ընդդիմադիր ուժերին առաջարկել են ստորագրել նախընտրական հուշագիր:

Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը` իրենք դիմելու են բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք իրենց ընդդիմություն են հռչակում:

«Մենք ուզում ենք հասկանալ՝ պատրա՞ստ են արդյոք նրանք միասին գոնե մի քանի կետից բաղկացած ծրագիր իրականացնել։ Եթե մենք միասին չվերահսկենք ընտրությունների ընթացքը, քվեարկությունից հետո արձանագրությունների ճշգրտությունը, ապա հասկանում ենք, թե ինչ կեղծիքներ և նկարչություններ են լինելու արդյունքում»,– նշեց Սարգսյանը։

Ըստ նրա` ընդդիմադիր դաշտում ամենամեծ սխալներից մեկը փոխադարձ քննադատությունն է, որը պետք է դադարեցվի: Սարգսյանը համոզված է` ամեն դեպքում ընդդիմադիր ուժերից ոչ ոք չի կարող 50 տոկոսից ավելի հավաքել, իսկ դա ենթադրում է ապագայում կոալիցիա կազմել։

«Եթե ընդդիմությունը իրատեսորեն դեմ է այսօրվա իշխանությունների քաղաքականությանը, ապա պետք է զերծ մնա փոխադարձ մեղադրանքներից։ Բացի այդ, պետք է վերահաստատեն, որ «Քաղաքացիական պայմանագրի» հետ կոալիցիայի մաս չեն կազմի»,– ասաց Սարգսյանը։

«Միասին» շարժման համակարգող խորհրդի անդամ Նարինե Դիլբարյանն ավելացրեց, որ ընդդիմադիր ուժերի միջև պետք է դադարեցվի, այսպես կոչված, փոխհրաձգությունները, հակաքարոզչությունը։

Նա ընթերցեց հուշագրի տեքստը, որում ամրագրված է 4 կետ։ Հուշագրի կետերից մեկը վերաբերում է նրան, որ ընտրությունների արդյունքների հնարավոր բողոքարկման դեպքում պետք է լինեն համակարգված գործողություններ։

Դիլբարյանը նշեց, որ կոչ են անում փաստաթղթի տակ ստորագրել ոչ միայն ընտրությունների մասնակից, այլև մնացած բոլոր ուժերին:

«Քաղաքական ուժերը` լինեն փոքր, միջին, թե մեծ, պետք է ձևակերպեն իրենց դիրքորոշումը»,– ընդգծեց Դիլբարյանը:

Նշենք, որ հատկապես վերջին ամիսներին տարբեր ընդդիմադիր քաղաքական ուժեր միմյանց մեղադրում են ներկայիս ղեկավարության իշխանության «բերելու» և նրան միջնորդավորված սատարելու մեջ:

Sputnik Արմենիա