Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի Քրեական Դատարանը (նախագահող՝ ԱՆԻ ԴԱՆԻԵԼՅԱՆ) ՀՀ ԱԳՆ աշխատակից Աշխեն Ալեքսանյանի վարույթով հրապարակեց վերդիկտ, ըստ որի Ալեքսանյանն իրեն մեղսագրվող ՀՀ Քր. Օր.-ի 418-րդ հոդվածով, (ազատազրկում՝ 15-20 տարի կամ ցմահ) այլ կերպ ասած՝ պետական դավաճանության մեղադրանքով Ալեքսանյանն ԱՐԴԱՐԱՑՎԵՑ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է փաստաբան Աբգար Պողոսյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ըստ Դատարանի՝ վերջինիս գործողություններում առկա էր ՀՀ Քր Օր.-ի 441-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարք (առավելագույնը՝ 4 տարի ազատազրկում)։
Թեպետ պաշտպանական կողմը ևս կբողոքարկի դատավճիռը վերաքննիչ քրեական դատարանում, այնուամենայնիվ ցանկանում ենք հատուկ շնորհակալություն հայտնել Դատարանին՝ անկողմնակալ, օբյեկտիվ և անաչառ քննության համար»։
Փաստաբանը նաև նկատել է, որ փաստորեն, Աշխեն Ալեքսանյանը ենթարկվել է հանիրավի հանրային պարսավանքի, լուսանկարներ են տարածվել, անմեղության կանխավարկածն է խախտվել, իրականության հետ կապ չունեցող տեղեկություններ են շրջանառության մեջ դրվել։
News.am
