Логотип

ՆԻԿՈԼԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է. ՔՊ-Ի ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԲԽՈՒՄ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ՇԱՀԵՐԻՑ

Եթե 2021 թվականի ընտրություններից առաջ Փաշինյանն ու ՔՊ-ն գիտակցաբար ստում էին ընտրողներին՝ ներկայացնելով «հայանպաստ» ծրագիր, ապա այսօր ամեն ինչ ճիշտ հակառակն է. նրանք ոչինչ չեն թաքցնում և բացահայտ խոսում են իրենց հակահայկական ծրագրերի ու մտադրությունների մասին։ Փորձագետներից մեկի արտահայտած այդ մտքին անհնար է չհամաձայնել, քանզի Փաշինյանն իր հայտարարություններով, մեղադրանքներով ու կշտամբանքներով արդեն որերորդ օրն է խոստովանում է, որ դեռևս իշխանության ղեկին գտնվող կուսակցության առաջիկա 5 տարիների ծրագրերն ընդհանուր ոչինչ չունեն հայ ժողովրդի արմատական շահերի հետ։

ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՀԱՍՑԵԻՆ ՑԵԽԻ ՏԱՐԱՓԸ, ՈՐ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՏԵՂԱԼ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՈՀՄԱԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ, ամենևին չպետք է մոլորության մեջ գցի իր նեղ-կոնկրետ հասցեականությամբ։ Այո, Նիկոլն ու իր հանցակիցները, ձգտելով իրենց վրայից թոթափել ամեն տեսակի մեղադրանքները, շարունակում են մեղսագրել Արցախի աղետը բացառապես հենց արցախցիներին և հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Բայց այդ ամենի հետևում հստակ երևում է հակահայկական արշավը, ուղղված հայկական պետականությունը կազմաքանդելու և տարածաշրջանում հայկական հետքը վերացնելու վերջնական նպատակադրությամբ թուրքական ռազմավարական նպատակների իրագործմանը։

Նիկոլը հետևողականորեն վերահաստատում է այս ամենն իր հայտարարություններով, որոնք, անկասկած, գնալով ավելի սրբապիղծ ու նողկալի կդառնան ընտրությունների մոտենալուն զուգընթաց։ Զազրելի ստերի, կեղծիքի ու մանիպուլյացիաների այն զանգվածը, որ վերջին երկու օրերին նա լցրեց հայ հասարակության վրա, ոչ այլ ինչ էր, քան իր կուսակցության նախընտրական ծրագիրը՝ գրված Բաքվի և Անկարայի հրահանգներին խստիվ համապատասխան։

Ուստի չափազանց կարևոր է ոչ թե փորձել կոռեկտ պատասխանել նրան՝ հարյուրերորդ անգամ բերելով անժխտելի փաստարկներ և մակերեսին ընկած փաստեր, այլ բացահայտել նրա հայտարարություններում առկա չարագուշակ իմաստը, որը ցույց է տալիս երկիրը բռնազավթած հակահայկական քաղաքական հանցախմբի ծրագրերը, գործիքներն ու երկարաժամկետ նպատակները։

Առայժմ կանգ առնենք Փաշինյանի երկու արտահայտությունների վրա։ Մասնավորապես, թե Հայաստանի և Ղարաբաղի էլիտաները պատանդ էին պահում Ղարաբաղի ժողովրդին, և թե Արցախի իշխանությունները փախան 44-օրյա պատերազմի ժամանակ, իսկ 2023-ի սեպտեմբերին կազմակերպեցին իշխանափոխություն, ապա փախուստի դիմեցին՝ դա որպես Հայաստանի կողմից դավաճանություն ներկայացնելու ծրագրի շրջանակներում։

Արցախի բնակիչների մասին հայտարարությունը՝ որպես 30 տարի շարունակ «պատանդ» պահվածների, համաձայնություն է «Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների բռնազավթման» մասին Բաքվի քարոզչության գլխավոր թեզին: Այստեղից տրամաբանորեն բխում է շրջափակման, ցեղասպանության, ռազմական ագրեսիայի և Արցախի դեմ Ադրբեջանի մյուս բոլոր հանցագործությունների արդարացումը։ Նիկոլի այս տրամաբանությամբ, որը լիովին համապատասխանում է Ադրբեջանի պաշտոնական քարոզչությանը, Բաքվի իշխանություններն այդ ամենը արել են ստիպված՝ ձգտելով ազատագրել «իրենց» հողերը։

Այս շղթայում հաջորդ քայլը միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած բոլոր հայցերի հետկանչն է, ընդգծեմ՝ միակողմանի կարգով։

ՀԻՄԱ՝ ԻՆՉ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԷԼԻՏԱՅԻՆ», որի տակ Փաշինյանն անշուշտ նկատի ունի Արցախի բոլոր նախկին և վերջին ղեկավարության ներկայացուցիչներին, որոնցից ութը, հիշեցնեմ, արդեն ավելի քան 2,5 տարի դժոխքի բոլոր պարունակներն են անցնում Բաքվի բանտերում։

Նախ, նման մեղադրանքներ հնչեցնել նրանց հասցեին, ովքեր չեն կարող քեզ պատասխանել, որովհետև թշնամու գերության մեջ են՝ արտաքին աշխարհից լիակատար մեկուսացման պայմաններում, կարող է միայն բացարձակ անբարոյական, ստոր և նսեմ արարածը, որը մարդ կոչվելու իրավունք չունի:

Ընդգծենք նաև ականատեսների բազմիցս ասածն ու հաստատածը. նախկին և գործող բոլոր ղեկավարները մինչև վերջ մնացել են Արցախում, գերազանց գիտակցելով սեփական պատասխանատվությունը: Նրանցից ոչ մեկը չի «փախել» և չի էլ փորձել, ոմանք հոժարակամ հանձնվել են 120 հազար հայրենակիցներին փրկելու համար, իսկ մյուսները գերի են ընկել, բացի ամենայնից, Հայաստանի ղեկավարության լավագույն դեպքում ՝անգործության, բայց ավելի շուտ՝ գիտակցված գործողությունների պատճառով։

Իսկ քաղաքական տեսանկյունից Փաշինյանի հայտարարությունները նշանակում են հետևյալը։

Նախ, Արցախի ռազմաքաղաքական գործիչների նկատմամբ Բաքվի հանցավոր ռեժիմի կայացրած դատավճիռներին Հայաստանի դե ֆակտո գործող իշխանությունների անվերապահ աջակցություն և լեգիտիմացում միջազգային հանրության աչքում։

Երկրորդ, հերթական անգամ հաստատվում է, որ իշխանությունները՝ ի դեմս Նիկոլի և Արաբատ Միրզոյանի, լկտիաբար ստում են, երբ ասում են, թե իբր՝ գիշերուզօր աշխատում են հայ գերիներին ազատ արձակելու ուղղությամբ։ Իրականում նրանք ոչ միայն ոչինչ չեն անում, այլև հակառակը, կուլիսներում համոզում են իրենց միջազգային գործընկերներին, թե Արցախի ղեկավարության ներկայացուցիչների ազատ արձակումը կխոչընդոտի խաղաղության հաստատմանը, մտահղացված նախագծերի, այդ թվում՝ TRIPP-ի իրականացմանը, և կխախտի կայունությունը Հայաստանում ու տարածաշրջանում։

ԵՐՐՈՐԴ, ԵԹԵ ՀԱՆԿԱՐԾ ԻՆՉՈՐ ՀՐԱՇՔՈՎ, ՃՆՇՄԱՆ ՏԱԿ, ընտրություններից առաջ Փաշինյանին սատարելու ցանկությունից դրդված կամ գերեվարված առաջնորդներից որևէ մեկի, Աստված մի արասցե, առողջական վիճակի կտրուկ վատթարացման դեպքում Ալիևը ստիպված լինի ազատ արձակել նրանցից մակնումեկին, Նիկոլն անմիջապես բանտախուց կուղարկի նրան արդեն Հայաստանում և կմեկուսացնի այնպես, որ նա զրկված լինի շփման հնարավորությունից։

Չորրորդ, եթե ՔՊ-ն վերընտրվի, իշխանությունները կսկսեն ազգային-ազատագրական պայքարի հետ առնչություն ունեցող բոլոր անձանց և Արցախյան պատերազմների նշանավոր հրամանատարներին ու մասնակիցներին հետևողականորեն Ալիևին հանձնելու գործընթացը: Ինչպեսև նրանց, ովքեր ակտիվորեն աշխատել են ադրբեջանական քարոզչության դեմ, և նրանց, ովքեր շարունակում են պայքարել արցախցիների և առհասարակ հայ ժողովրդի իրավունքների համար։

Վերջապես՝ հինգերորդ։ Եթե ամեն ինչ եղել է այնպես, ինչպես ասում է Հայաստանի պատմության մեջ երբևէ եղած մեծագույն ստախոսը, ապա ինչո՞ւ են իշխանությունները յոթ փակի տակ պահում 44-օրյա պատերազմի մասին իրենց իսկ կազմած զեկույց-հետաքննությունը:

Եվ վերջինը: Միանգամայն ակնհայտ է, որ ՔՊ-ի նախընտրական քարոզարշավը միտված է ոչ միայն ամեն գնով հաղթանակի։ Փաշինյանն ու իր հանցախմբի անդամները հրապարակավ և ամպագոռգոռ հաստատում են սեփական վասալային կախվածությունն Անկարայից ու Բաքվից, հավաստիացնելով իրենց տերերին սեփական անսասան հավատարմությունը թուրքական շահերին՝ հետընտրական շրջանում աջակցության, այդ թվում, հավանաբար, ռազմական օգնության դիմաց։