«Վրաստան-Հայաստան» գազատարի ուղղությունը փոխելու որոշումը անմիջականորեն կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման հաջորդ փուլի հետ։ Դրա մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը։
«Ակնհայտ է, որ մեր սահմանի հյուսիսարևելյան հատվածներում փոփոխություններ են սպասվում։
Դեռ այդ աշխատանքների առաջին փուլից հետո, որն անցկացվել է 2024 թվականին, պարզ դարձավ, որ բավականին ռիսկային պայմաններ են ստեղծվում «Կարմիր կամուրջ-Սևքար-Բերդ» հանգույցի համար, որը կարևոր նշանակություն ունի Հայաստանի գազափոխադրման համակարգի համար։ Այս գազատարը հայտնվեց Ադրբեջանի հասանելիության գոտում՝ էներգետիկ ոլորտում անվտանգության ռիսկեր ստեղծելով։
Ի լրումն դրա, Վրաստանը մի քանի տարի առաջ գազատարի այս հատվածը հանեց իր ռազմավարական օբյեկտների ցանկից՝ սկսելով վաճառքի գործընթացը։ Հայտնի է, որ ադրբեջանական SOCAR ընկերությունն առաջիններից մեկն էր, որ արձագանքեց՝ պատրաստակամություն հայտնելով վճարել կրկնակի գումար՝ վրացական կողմից գազատարի այդ հատվածը ձեռք բերելու համար։
Վրաստանի գազափոխադրման համակարգում առանցքային դեր ունեցող SOCAR-ը մեկը մյուսի հետևից ձեռք է բերում երկրի գազափոխադրման ենթակառուցվածքները։
Խնդրի արմատները, ինչպես հայտարարել է վրացական կողմը, հասնում են 1990-ական թվականներին, երբ Հայաստան-Վրաստան-Ադրբեջան սահմանային այդ անցակետը ականապատվում էր։ Դա համապատասխանում է իրականությանը։ Սակայն հարց է ծագում. եթե այդ խողովակաշարը շահագործվել է այդ ամբողջ ընթացքում, ուրեմն ինչո՞ւ է հարցը բարձրացվում հիմա։ Ինչո՞ւ է հիմա ասվում, որ խողովակաշարի 5,5 կիլոմետրանոց հատվածի տեղափոխումը կբարձրացնի Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարադակը։
Ակնհայտ է, որ այս հատվածի ականապատմանն առնչվող ռիսկերի հետ մեկտեղ, Հայաստանն այդ փաստարկն օգտագործում է որպես պաշտոնական պատրվակ՝ խողովակաշարի լոգիստիկան փոխելու համար։
Դա կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել, քանի որ սպասվող սահմանազատման և սահմանագծման աշխատանքները կարող են նաև հայ-իրանական կարևոր ենթակառուցվածքները, մասնավորապես՝ Հայաստան-Իրան գազատարը և Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերը, ներառյալ՝ ներկայում ընթացող Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման նախագիծը, դնել նմանատիպ ռիսկային պայմաններում։
Արդյո՞ք այդ տրամաբանությունը թելադրում է, որ Հայաստանը պետք է զիջումների գնա և վերակազմակերպի իր կարևորագույն ենթակառուցվածքները: Դա պարտվողական մոտեցում է, որը կառաջացնի բազմաթիվ ազգային անվտանգության ռիսկեր։
Խողովակաշարի լոգիստիկայի փոփոխության հարցը տարածաշրջանում աշխարհաքաղաքական գործընթացների կարևոր ցուցիչ է: Այս որոշումը չի տեղավորվում իշխանությունների հռետորաբանության մեջ, որոնք պնդում են, որ խաղաղությունն արդեն հաստատված է: Ընդհակառակը, սա ենթադրում է, որ մենք շատ հեռու ենք տարածաշրջանում խաղաղություն հաստատելուց»,- նշել է փորձագետը։
Վահե Դավթյանը հիշեցրել է, որ Հայաստանը Վրաստանի տարածքով տարեկան ստանում է մոտ 2,3 միլիարդ խորանարդ մետր բնական գազ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս երթուղով, որը միանում է Կարմիր կամուրջ-Սևքար-Բերդ գազատարին, որի շնորհիվ Հայաստանում արտադրվում է էլեկտրաէներգիայի մոտ 40%-ը։
Ըստ փորձագետի՝ արտաքին ճնշման տակ Հայաստանի գազափոխադրման համակարգում կատարված փոփոխությունները կարող են ունենալ երկարաժամկետ և շատ վտանգավոր հետևանքներ, եթե այս միտումը շարունակվի սահմանազատման և սահմանազատման աշխատանքների շրջանակում:
