Փաստաբան Ռուբեն Մելիքյանն անհեթեթություն է համարում, որ այսօր Երևանի սուրբ Աննա եկեղեցու բակում երեք քաղաքացիների ձերբակալել են պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածով։ Այս մասին նա հայտարարել է ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։
«Սա նշանակում է, որ ինչ-որ մի խումբ եկել է պատարագի քաղաքական գործունեության նպատակով։ Այս հոդվածը նաև դրա մասին է խոսում։ Այսինքն` ոստիկանությունը ու բնականաբար նրանց հրահանգ տվողները, չեն դիտել սա որպես ծիսական գործունեություն։ Նրանք չեն մտել եկեղեցի, որպես քրիստոնյա, նրանք չեն ունեցել նպատակ մասնակցել պատարագի։ Ուզում եմ հասկանալ հիմա`ի՞նչ գործ ունեն նրանք եկեղեցում քաղաքական գործունեություն անելիս»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։
Փաստաբանը պատարագին այլ նպատակով մասնակցելը որակեց սրբապղծություն և հավելեց, որ այս հոդվածով ձերբակալված երիտասարդներին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում։
Հիշեցնենք, որ այսօր Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ էր տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս տաճարից՝ անցնելով ծխականների շարքերով, նրանցից մեկը վրդովված դիմեց թիկնապահին՝ «Տենց չնայես ինձ»։ Հավաքվածներից մեկն էլ շարքի հետևից փորձեց հարվածել Փաշինյանի ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը թիկնապահներին հրահանգեց հանգիստ մնալ ու չմիջամտել։
ՆԳՆ–ից հայտնել են, որ խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ։
Sputnik Արմենիա
