Логотип

Իրանը սպառնում է հարվածներ հասցնել տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի համալսարաններին

Թեհրանը սպառնացել է հարվածներ հասցնել տարածաշրջանում գտնվող իսրայելական և ամերիկյան համալսարաններին՝ ի պատասխան իրանական երկու բուհերի ռմբակոծության։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ԱՄՆ-ին ժամանակ է տվել իրականացված հարձակումները դատապարտելու համար։

Իրանը սպառնացել է թիրախավորել տարածաշրջանի իսրայելական և ամերիկյան համալսարանները՝ իրանական երկու բուհերի դեմ իրականացված գրոհներից վրեժխնդիր լինելու համար։ Եթե ԱՄՆ վարչակազմը ցանկանում է զերծ պահել տարածաշրջանում գտնվող իր համալսարանները պատասխան միջոցներից, ապա պետք է մինչև մարտի 30-ը՝ Թեհրանի ժամանակով կեսօր, դատապարտի բուհերի ռմբակոծությունները։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը՝ հղում անելով X սոցիալական ցանցում ԻՀՊԿ-ի տարածած հայտարարությանը։

Տարածաշրջանի ամերիկյան համալսարանների բոլոր աշխատակիցներին, դասախոսներին և ուսանողներին, ինչպես նաև հարակից տարածքների բնակիչներին խորհուրդ է տրվել առնվազն մեկ կիլոմետր հեռավորություն պահպանել համալսարանական քաղաքների (կամպուսների) տարածքից։

Իրանական կողմի տվյալներով՝ հարվածներ են հասցվել Սպահանի տեխնոլոգիական համալսարանին և Թեհրանի գիտության և տեխնոլոգիաների համալսարանին։

Մի քանի ամերիկյան բուհեր տարածաշրջանային մասնաճյուղեր ունեն Պարսից ծոցի երկրներում, մասնավորապես՝ Տեխասի A&M համալսարանը՝ Կատարում և Նյու Յորքի համալսարանը՝ Արաբական Միացյալ Էմիրություններում։

Միևնույն ժամանակ, Բեյրութի ամերիկյան համալսարանը, ԻՀՊԿ-ի հայտարարությունից հետո, առաջիկա երկու օրերին անցնում է հեռավար ուսուցման։ «Այս պահին մենք չունենք մեր համալսարանի, դրա մասնաճյուղերի կամ բժշկական կենտրոնների հասցեին հնչած ուղղակի սպառնալիքների ապացույցներ։ Այդուհանդերձ, ելնելով անվտանգության նկատառումներից, երկուշաբթի և երեքշաբթի օրերին մենք կաշխատենք բացառապես առցանց ռեժիմով՝ չհաշված առանցքային գործառույթներ իրականացնող անձնակազմը»,— հայտարարել է Լիբանանի մայրաքաղաքում գտնվող մասնավոր համալսարանի տնօրինությունը։

«Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիայի բուն նպատակն է ոչնչացնել մեր երկրի գիտական հիմքերն ու մշակութային ժառանգությունը՝ պարբերաբար հարվածներ հասցնելով համալսարաններին, գիտահետազոտական կենտրոններին, պատմական հուշարձաններին և ականավոր գիտնականներին»,— X սոցիալական ցանցում գրել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմաիլ Բաղային։

News.am