Հայաստանի իշխանությունները նախընտրական շրջանում առաջնորդվում են «ամեն օր՝ ավելի այլանդակ բան» կարգախոսով։ Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը՝ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի քննարկման ժամանակ։
«Որովհետև նա պարտվում է թե՛ ծրագրային առումով, թե՛ ՀՀ ռազմավարական պլանավորման հարցում։ Այն փոսից դուրս գալու համար, որում հայտնվել ենք բոլորս հենց այս իշխող ուժի մեղքով, անհրաժեշտ են հսկայական մտավոր և մարդկային ռեսուրսներ։ Ընդդիմադիր լայն դաշտը՝ բոլոր նրանք են, ովքեր մերժում են այս իշխանությանը, և նա պարտվում է։ Այդ պատճառով էլ օգտագործում է երկու մարտավարական զենք՝ խայտառակությունն ու սուտը։ Երեկվա միջադեպը ցույց տվեց, թե էլ ինչպիսի խայտառակությունների ականատես կարող ենք դառնալ»,- նշել է Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 29-ին, Երևանի Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ է տեղի ունեցել եկեղեցի այցելած վարչապետ Փաշինյանի թիկնապահների մասնակցությամբ։ Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։
Այս պահին ձերբակալված է 3 անձ։ Նրանցից երկուսը երկվորյակ եղբայրներ են՝ դպրոցականներ։ Իրավապաշտպանների մոտ հարցեր է հարուցում այն հոդվածը, որով նախաձեռնվել է վարույթը։ Ֆորմալ առումով Փաշինյանը ներկայացել էր պատարագի, ընդ որում՝ որպես սովորական քաղաքացի, ինչպես պնդում են նրա թիմի ներկայացուցիչները։ Թե ինչպես են դպրոցականները խոչընդոտել «ծառայողական», առավել ևս «քաղաքական» գործունեությանը՝ հայտնի է միայն քննչական մարմնին։
News.am
