Логотип

ՀՀ ՀԿ․ Մեծամորում «Մեր ձևով» ՀԿ-ի հետ առնչվող 5 անձ է ձերբակալվել

ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում «Մեր ձևով» ՀԿ–ի գրասենյակում մեկ տասնյակ խուզարկությունն են կատարվել, ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել է հինգ անձ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն:

Կոմիտեից նշում են, որ մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ նպատակադրվել են ընտրակաշառք բաժանել ՀՀ Արմավիրի մարզում բնակվող մի շարք քաղաքացիների՝ ապահովելով նրանց մասնակցությունը 2026 թ. հունիսի 7–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին և քվեարկությունն իրենց կողմից մատնանշված կուսակցության օգտին։

Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի` այդ անձինք Մեծամոր համայնքում բացել են «Մեր ձևով» հասարակական կազմակերպության գրասենյակ, որից հետո Արմավիրի մարզի տարբեր բնակիչների 2025–2026 թթ. ընթացքում ձևական գրանցել են հիշյալ կազմակերպությունում՝ հանձնարարելով հավաքագրել անձանց, որոնք ընտրություններին կքվեարկեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին։

«Նախապես խոստացված և փուլային եղանակով տրամադրվող ընտրակաշառքը ձևակերպվել է որպես աշխատավարձ՝ դրանով փորձելով քողարկել ընտրակաշառքի տրամադրման փաստը և նվազագույնի հասցնել դրա բացահայտումը։ ՀԿ–ում աշխատանքի ընդունվելու հիմնական նախապայմաններից են հանդիսացել անձի՝ մեծ ընտանիք և ծանոթների լայն շրջանակ ունենալու, ինչպես նաև ընտրող հանդիսանալու հանգամանքները»,– ասված է հաղորդագրության մեջ։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է, որ բացի այդ, բարեգործության անվան տակ Արմավիրի մարզի մի շարք բնակիչների «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից բժշկական սպասարկման ծախսերը հոգալու նպատակով այս տարվա փետրվար–մարտ ամիսների ընթացքում անհատույց տրամադրել են տարբեր չափերի դրամական միջոցներ։

Կոմիտեից տեղեկացնում են, որ այսուհետ իրականացնելու են մշտադիտարկում՝ պարզելու ընտրություններին մասնակցող կուսակցությունների հետ փոխկապակցված կազմակերպություններում գրանցված կամ դրանց հետ առնչություն ունեցող այն անձանց, որոնք այս կամ այն կերպ, այդ թվում՝ քողարկված եղանակներով, ներգրավված են ընտրական հանցագործությունների կատարման կամ նախապատրաստման սխեմաներում:

Sputnik Արմենիա