Логотип

Մեկամսյա պատերազմից հետո Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի վերահսկողությունն ավելի ուժեղ է, քան երբևէ

Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածների արյդունքում սպանվել են իրանցի բարձրաստիճան առաջնորդներ և առանցքային թիրախներ են ոխցվել ողջ երկրում։ Այնուամենայնիվ, ինչպես կարծում է Bloomberg-ը, մեկամսյա մարտական գործողություններից հետո կարելի է պնդել, որ հենց Իրանն է հասել ամենանշանակալի ռազմավարական հաղթանակին՝ ուժեղացնելով Հորմուզի նեղուցով տեղաշարժի նկատմամբ վերահսկողությունը։

Լրատվական գործակալության հաշվարկներով՝ մարտի ընթացքում՝ պատերազմի առաջին ամբողջական ամսում, օրական միջինում ընդամենը վեց նավ է անցել Պարսից ծոցը արտաքին աշխարհին կապող այդ նեղ ջրային ուղիով։ Համեմատության համար նշվում է, որ սովորական ժամանակ այդ ցուցանիշը կազմում է օրական մոտ 135 նավ։

Ինչպես նշում է Bloomberg-ը, ամեն ինչ վկայում է այն մասին, որ նեղուցը վերահսկելու վերաբրեյալ Թեհրանի կարողությունն աճում է։ Այդ ժամանակահատվածում նեղուցը լքող սակավաթիվ նավթային լցանավերի 80%-ը կամ իրանական են եղել, կամ պատկանել են Իրանի հետ բարեկամական հարաբերություններ պահպանող երկրներին։

Այս ամիս Իրանն օրական մոտ 1,8 մլն բարել նավթ է արտահանել, ինչը գրեթե 8%-ով ավելի է 2025 թվականի միջին մակարդակից։ Այս մասին հայտնի է Kpler վերլուծական ընկերության մարտի 26-ի տվյալներից։ Bloomberg-ի գնահատմամբ՝ սա Թեհրանին հավանաբար հարյուր միլիոնավոր դոլարների նավթային եկամուտներ է բերել։

Ի հակադրություն սրան՝ Պարսից ծոցի խորքում գտնվող Իրաքից արտահանումը նույն ամսվա ընթացքում կրճատվել է ավելի քան 80%-ով՝ 2025 թվականի մակարդակի համեմատ։ Միևնույն ժամանակ, Սաուդյան Արաբիան ավելի քան մեկ քառորդով հետ է մնացել նախորդ տարվա միջին ցուցանիշից, նույնիսկ չնայած այն խողովակաշարի օգտագործմանը, որը նավթը տեղափոխում է դեպի Կարմիր ծով։

Այժմ, ինչպես հայտնում է Bloomberg-ը, Իրանը պատրաստվում է ընդունել անցման վճար սահմանելու մասին օրենքը, որը կպարտավորեցնի նեղուցով անցնել ցանկացող ցանկացած նավի մանրամասն տեղեկություններ տրամադրել և տուրքեր վճարել։ Սա կօրինականացնի այն համակարգը, որի մասին արդեն հայտնել էին բազմաթիվ նավատերեր։ Միջնորդների միջոցով օգտագործվող լցանավերից պահանջում են բեռների և անձնակազմի ցուցակները, իսկ որոշ դեպքերում՝ նաև գումար։

News.am