Логотип

Թաթուլ Պետրոսյան․ Իրենց պետք է սահմանադրական մեծամասնություն, որ առանց հանրաքվեի փոխեն Սահմանադրությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հետագա սահմանագծումը ինչո՞ւ չեն իրականացնում այս իշխանությունները, որովհետև մյուս հատվածներում էլ են տարածքներ տալու, հիմա ուզում են վերարտադրվեն, նոր սկսեն սահմանազատումը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը։

«Տեսեք՝ իրենք ուզում են սահմանադրական մեծամասնություն ունենալ, որ կարողանան տարածքները հանգիստ զիջել։ Հիմա սահմանագծում չեն անում, սպասում են սրա վերարտադրությանը, որից հետո համոզված եղեք, դա անելու են։

Սահմանադրության մեջ կան երեք խումբ հոդվածներ, անփոխարինելի հոդվածներ, հոդվածներ, որոնք փոփոխվում են Ազգային ժողովի միջոցով և հոդվածներ, որոնք կարող են փոխվել միայն հանրաքվեի միջոցով։ Հիմա իրենք ուզում են ստանալ սահմանադրական մեծամասնություն, որից հետո փոփոխություն կանեն սահմանադրության մեջ Ազգային ժողովով՝ ունենալով սահմանադրական մեծամասնություն, և կհանեն նաև հռչակագիրը սահմանադրությունից։ Այսինքն հանրաքվեի նույնիսկ չեն գնա, որովհետև համոզված են՝ հանրաքվեն շատ ավելի բարդ է լինելու, հանրաքվեին պետք է մասնակցի քվեարկող բնակչության ոչ պակաս, քան 50% -ը և դրանից 50% + 1 պետք է ստանա, որը քիչ հավանական է:

Այսինքն ԱԺ–ում սահմանադրական մեծամասնություն ստանալով, իրենք քարուքանդ են անելու սահմանադրությունը, և սահմանադրության հռչակագիրն են հանելու, և եկեղեցու բացառիկ դերն են հանելու, ինչ կուզեն կանեն այդ տարբերակով»,– ընդգծեց Թաթուլ Պետրոսյանը։