Եկեղեցում տեղի ունեցած դեպքի մասնակից տղաները ունեն լուրջ առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի են անազատության հետ: Այս մասին, այսօր՝ մարտի 30–ին, մամուլի ասուլիսում հայտարարեց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:
«Մենք երեկվանից հասարակությանը շոկահարել ենք 2 դպրոցահասակ աշակերտների ձերբակալությամբ, դեպքը տեղի է ունեցել Սուրբ Աննայի բակում՝ պայմանավորված Փաշինյանի չհայտարարված այցով: Տղաները այս պահին ձերբակալման վայրում են՝ ձերբակալվածի կարգավիճակով, մեղադրանք դեռևս առաջադրված չէ: Հույս ունենք, որ կգտնվեն անաչառ և բանը մեղադրանք աֆռաջադրելուն չի հասնի։ Դավիթ Մինասյանի մասով դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, կարծում եմ՝ կապված էր այն հանգամանքի հետ, որ Դավիթ Մինասյանին, ինչպես երևում է տեսագրություններում, հարվածել են»,- ասաց նա:
Հարցին, թե ո՞վ է եղել հարվածողը, փաստաբանը պատասխանել է, որ այս պահին դեռ հստակ չգիտեն:
«Գործի մանրամասների հետ կապված այս պահին որևէ պարզաբանում չունենք, մեր խնդիրը երեխաների առողջական վիճակն է, որովհետև երկուսն էլ ունեն լուրջ առողջական խնդիրներ, որոնք մեր գնահատմամբ ուղղակիորեն անհամատեղելի են անազատության հետ»,–ասաց նա միայն հավելելով, որ տղաները խնդրել են աղոթագրքեր, նրանք առանձնահատուկ վերաբերմունք ունեն եկեղեցու հանդեպ։
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 29–ին, Երևանի Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ է տեղի ունեցել, Փաշինյանի թիկնապահները քաշքշել էին մի երիտասարդի, որն ասել էր. «Ըտենց ինձ չնայես»։ Դրանից հետո 3 անձ է ձերբակալվել։
Միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը):
Այս պահին 3 անձ ձերբակալվել է:
Ձերբակալվածներից երկուսը երկվորյակ եղբայրներ են, դպրոցականներ։
News.am
