Логотип

Ամերիկյան համալսարանը մարտի 31-ից վերականգնում է դասերն առկա ձևաչափով

Հայաստանի ամերիկյան համալսարանը մարտի 31-ից վերականգնում է դասերն առկա ձևաչափով:

Համալսարանն ավելի վաղ հայտնել էր դասերը հեռավար ձևաչափով կազմակերպելու մասին՝ Մերձավոր Արևելքի ռազմական գործողությունների շրջանակում ամերիկյան համալսարանների թիրախավորման վերաբերյալ Իրանի սպառնալիքների ֆոնին:

Ուսումնական հաստատությունը նշել է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հավաստիացում են ստացել, ըստ որի՝ համալսարանին սպառնացող որևէ էական կամ նշանակալի վտանգ առկա չէ, և այն կարող է վերադառնալ բնականոն ուսումնական գործընթացին՝ առկա ձևաչափով։

«ՀԱՀ արտակարգ իրավիճակների և ճգնաժամային կառավարման հանձնաժողովի որոշմամբ՝ դասերը կվերսկսվեն առկա ձևաչափով վաղվանից՝ մարտի 31-ից»,- ասված է հայտարարության մեջ:

Իրանն սպառնացել էր հարվածել տարածաշրջանում գտնվող իսրայելական և ամերիկյան համալսարաններին՝ ի պատասխան իրանական երկու համալսարանի վրա հարձակումների: Թեհրանն ընդգծել էր՝ եթե ԱՄՆ վարչակազմը ցանկանում է, որ տարածաշրջանում գտնվող իր համալսարանները խուսափեն պատասխան միջոցներից, ապա այն պետք է դատապարտի համալսարանների ռմբակոծությունները մինչև մարտի 30-ի Թեհրանի ժամանակով կեսօր։

Armenia Today