Логотип

Մայր Աթոռ․ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպը պետք է դիտարկել որպես հետևանք իշխանությունների հակաեկեղեցական արշավի

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից արձագանքել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը։

– Երեկ Սուրբ Աննա եկեղեցում արձանագրված միջադեպի առնչությամբ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդես է եկել տեսաուղերձով, որում ստեղծված իրավիճակի համար մեղադրում է Հայոց Եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Ինչպե՞ս կարձագանքեք այս հայտարարությանը։

– Խորապես ցավում ենք Ծաղկազարդի տոնին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցածի առնչությամբ, ինչը խաթարեց սրբավայրում տիրող տոնական աղոթական մթնոլորտը։ Վարչապետի կարճատև այցի ընթացքում արձանագրված միջադեպը պետք է դիտարկել որպես հետևանք իշխանությունների հակաեկեղեցական արշավի և հակաօրինական, ոչ կանոնական գործողությունների, որոնք վիրավորում են հավատացյալների կրոնական զգացումները և տեղիք տալիս նման ընդվզումների։

Ուստի, Հայոց Եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսին անհիմն մեղադրելու փոխարեն պետք է անդրադառնալ և վերանայել Եկեղեցու, եկեղեցականների և ազգային-հոգևոր արժեքների հանդեպ իշխանությունների որդեգրած դիրքորոշումները, որոնք ազգավնաս են, պառակտում են մեր ժողովրդին՝ հանգեցնելով նման ցավալի երևույթների։

News.am