Логотип

Հովհաննիսյան․ Հայաստանի ճակատագիրը որոշվելու է կա´մ Երևանում, կա´մ Բաքվում

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը «Որտե՞ղ է որոշվելու Հայաստանի ճակատագիրը» վերտառությամբ հրապարակում է արել։

«Շատ հեշտ է որևէ հեռավոր որևէ երկրի մայրաքաղաքից (կլինի Մոսկվա, Վաշինգտոն, Բրյուսել, թե ցանկացած այլ ոչ հայաստանյան քաղաք) ասել, թե հունիսի 7-ի ընտրությունները որոշելու են Կովկասի ճակատագիրը, այս կամ այն գերտերության ազդեցության չափը այլն։ Սա ծայրահեղ վտանգավոր մոտեցում է, որին առաջատար ուժերը պետք է կոշտ արձագանքեն։ Չի կարելի Հայաստանը դարձնել օտար խաղերի փորձաքար, այսօրվա վտանգավոր իրավիճակում մեզ վերածել աշխարհաքաղաքական խաղալիքի։

Հունիսի 7-ի ընտրությունները բացառապես ներհայաստանյան ընտրություններ են։ Այդ ընտրությունների արդյունքում մենք պետք է վերականգնենք մեր երկրի ներքին խախտված հավասարակշռությունը, պիտի հասնենք բանականության վերադարձին պետական համակարգ, պիտի ներքին համերաշխության և համակեցության նոր կանոններ ստեղծենք, պիտի հասնենք հասնենք երաշխավորված խաղաղության և երկիրը տանենք զարգացման ճանապարհով։ Սրանք են այս ընտրությունների նպատակները։

Հայաստանի ճակատագիրը չի որոշվում ո´չ Մոսկվայում, ո´չ Վաշինգտոնում, ո´չ Բրյուսելում, ոչ էլ որևէ այլ տեղ։ Եթե շատ ենք ուզում մայրաքաղաքային հստակություն, ապա Հայաստանի ճակատագիրը որոշվելու է կա´մ Երևանում, կա´մ Բաքվում։ Եվ հունիսի 7-ի ընտրությունները հենց դրա մասին են»,- նշել է Հովհաննիսյանը։

Aysor.am