Մեր տեղեկություններով, տղաներին այժմ ներկայացնում են Քննչական կոմիտե մեղադրանք առաջադրելու։ Այս մասին, այսօր՝ մարտի 31–ին, Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Ծաղկազարդի օրը Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ընթացքում տեղի ունեցած միջադեպի մասնակից դպրոցական եղբայրների փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
«Տեղեկությունը մեզ հայտնի է դարձել պաշտոնական հաղորդագրությունից։ Մանրամասնությունները, թե ինչ հանգամանքներ են նշված, անգամ դա չգիտենք։ Ուղղակի խուզարկության որոշման մեջ գրվածից կարող եմ ենթադրել, որ երևի թե անտեսելով բոլոր տվյալները, որոշում է կայացվել երեքի մասով էլ քրեական հետապնդում հարուցել։
Տղաների տնից որևէ բան չեն հայտնաբերել, չէին էլ կարող հայտնաբերել։ Համաձայն որոշման, փնտրում էին վարչապետի քաղաքական գործունեությանը միջամտելուն ուղղված բռնության և խուլիգանության, Գևորգ Գևորգյանի կողմից կազմակերպված, այս գործողությանը իրենց պայմանավորվածությունը հաստատող ինչ-որ փաստեր։ Նաև դրա նախագծման և իրականացման վերաբերյալ ինչ-որ նախագիծ, պլան։
Բնականաբար, իրենք ուղղակի հանդիպեցին պատվոգրերի, գրքերի, գովասանագրերի, շնորհակալագրերի»,–սաց նա։
Փաստաբանը նշեց, որ երկու եղբայրներն էլ ունեն առողջական խնդիրներ, որոնք նոր չեն առաջացել. «Առողջական խնդիրները երեխաները ունեցել են, Դավիթը առավելապես։ Այստեղ խնդիրն այն է, որ Դավիթի առողջական խնդիրը ուղիղ հակասում է կառավարության որոշմամբ սահմանված անազատության սահմանափակմանը։ Այսինքն կոնկրետ խոչընդոտ է, ինքը մի րոպե շուտ պետք է գտնվեր ազատության մեջ։ Առաջին օրն էլ գիշերը շտապօգնություն էր հրավիրվել, հրաժարվել էր Դավիթը հիվանդանոց տեղափոխելուց։ Դավիթը ունի չբացահայտված ալերգիա և կա մտավախություն»,–ասաց նա՝ հավելելով, որ կադրերը կան, որ միջադեպի ժամանակ հարվածում են Դավիթին և նա ընկնում է. «Այս պահին բնականաբար այդ ամեն ինչը անտեսվում է։ Այո, հարվածը եղել է դեմքի շրջանում, տեսագրությունները կան»։
Ինչ վերաբերում է նրան, որ իշխանության ներկայացուցիչները նշում են, որ հենց հերթը հասնում է կալանավորվելուն, բոլորը սկսում են առողջական խնդիրներ ունենալ, փաստաբանն արձագանքեց. «Թույլ տվեք չմեկնաբանեմ, որովհետև կարող է մի քիչ շատ կոշտ լինի մեկնաբանությունը։ Չգիտեմ, ով է այդ Լուսինե Բադալյանը, կարծում եմ՝ իրենց այդ գրառումներին, պետք է պատկան կառույցներն արդեն ավելի շուտ արձագանքեին, քան մենք կարձագանքեինք»։
Փաստաբանը հայտարարեց, որ ճիշտ չեն քննարկումները, թե տղաների կողմից եղել է հարվածի փորձ. «Առանձին մենք կներկայացնենք հանգամանքները՝ ո՞նց ա եղել, ո՞վ է առաջինը, ո՞վ հետո, ինչի՞ համար։ Չի եղել հարված, չգիտեմ, էդ հարվածը ո՞նց հայտնվեց, ով սկսեց քննարկել, ինչ-որ մեկնաբանում են՝ հարվածը հասավ, հարվածը չհասավ, էդտեղ հարվածի բան չկա»։
Ինչ վերաբերում է նրան, որ եթե դա ձեռքի շարժում չլիներ, այլ թքելու փորձ լիներ, րդյոք դա համարվելու էր «էմոցիոնալ պոթկում», ինչպես ասվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու վրա թքելու դեպքում, փաստաբանն ասաց. «Եկեք հենց այ համադրության մեջ նայենք, մի կողմից պաշտոնյայի կողմից է, ով կատարում է այդ գործողությունները, դա որևէ իրավական գնահատականի չի արժանանում, իսկ մյուս կողմից, երբ հակառակ կողմում հայտնվում է սովորական քաղաքացին, երեխան, ով գնացել է աղոթք անելու և խոչընդոտում են իր այդ արարողակարգի մասնակցելը, բերում են իրավական դաշտ ու հայտնվում է քրեական օրենսգրքի մի հոդված, մի դիսպոզիցիա, որը նորամուծություն է»։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ մարտի 29–ին, Ծաղկազարդի օրը պատարագի ընթացքում Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ականների, անվտանգության աշխատակիցների մուտքից հետո Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ էր տեղի ունեցել, Փաշինյանի թիկնապահները քաշքշել էին մի երիտասարդի, որն ասել էր. «Ըտենց ինձ չնայես»։ Դրանից հետո 3 անձ է ձերբակալվել։
Միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը):
Այս պահին 3 անձ ձերբակալվել է: Ձերբակալվածներից երկուսը երկվորյակ եղբայրներ են, դպրոցականներ։
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն էլ հայտնել էչ, որ ձերբակալված զույգ եղբայրներն ունեն բանտարկության հետ անհամատեղելի հիվանդություն։
ՔԿ–ի հաղորդմամբ. «մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Դ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը),
Մ.Մ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և
Գ.Գ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)»։
