Логотип

Իրանը կոչ Է արել Ադրբեջանին հստակ դիրքորոշում որդեգրել Կասպից ծովի ափամերձ շրջաններին հասցված հարվածների վերաբերյալ

Երկուշաբթի երեկոյան Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումներն ու երկկողմ հարաբերությունները։ Այս մասին ասված է Իրանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Իրանի արտգործնախարարը տեղեկություններ է փոխանցել «Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից իրականացված հանցագործությունների մասին, ներառյալ դպրոցների, համալսարանների, հիվանդանոցների, Իրանի պատմամշակութային օբյեկտների, կենսական նշանակության ու արտադրական ենթակառուցվածքների և բնակելի տարածքների վրա հասցված հարվածները»։

«Իրանը, ինքնապաշտպանության իր անօտարելի իրավունքի համաձայն և միջազգային իրավունքին համապատասխան, պաշտպանական միջոցներ է ձեռնարկում տարածաշրջանի երկրներում տեղակայված ագրեսորների ռազմակայանների և օբյեկտների նկատմամբ»,- նշել է նա։

Արաղչին կոչ է արել երկրներին, «հատկապես Կասպից ծովի սահմանակից պետություններին, հստակ և վճռական դիրքորոշում որդեգրել Կասպից ծովի ափամերձ շրջաններին հասցված վերջին հարվածների վերաբերյալ»։

News.am