Логотип

«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԻՏԻ ՀԱՍԿԱՆԱ. ԿԱ՛Մ ՆԱՄԱԶԻ ՀԵՌԱՆԿԱՐ, ԿԱ՛Մ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ»

Համադրելով Ալիևի և Փաշինյանի հայտարարությունները՝ ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը հանգեց հետևյալ եզրակացության. «Ուշադրություն, ամենահետաքրքիրը. նա (Ալիևը) ընդգծեց, որ 6 ամսից Ադրբեջանը կարող է փոխել իր դիրքորոշումը։ Այսօր իրեն վարչապետ անվանող մարդն ասում է, թե ազգային ուժերը (ընդդիմությունը) ուզում են սեպտեմբերին պատերազմ հրահրել: Եթե հիշենք Ալիևի նշած ժամկետը, ապա Նիկոլի հայտարարության հետ կապակցելով կարող ենք ասել, որ մեզ սպասում է սեպտեմբերյան հերթական ողբերգությունը, ծրագրված ողբերգություն։ Այդ մարդն արդեն այսօր հասարակությանը նախապատրաստում է այդ ողբերգությանը, և եթե նա կարողանա վերարտադրվել ընտրությունների արդյունքներով, ապա ողբերգությունն անխուսափելի կդառնա, իսկ նա կրկին ամեն ինչում կմեղադրի պետության նախկին ղեկավարներին։ Մենք կարող ենք կանխել իրավիճակի նման զարգացումը միայն նրանով, որ համընդհանուր մերժենք այդ մարդուն»,- հայտարարեց Ջամալյանը։

ՀԻՇԵՑՆԵՄ, ՈՐ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՍԿՍՎԵԼ Է 2020Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ, 3-օրյա պատերազմը՝ 2022թ. սեպտեմբերի 13-ին, իսկ 2023թ. սեպտեմբերի 19-ին Երևանի քաղաքապետի ընտրություններից անմիջապես հետո (սեպտեմբերի 17-ին) Ադրբեջանը ցեղասպանություն իրականացրեց 120 հազար արցախցիների նկատմամբ՝ ստիպելով լքել իրենց տներն ու հողը, որտեղ նրանց նախնիներն ապրել են ավելի քան 5 հազար տարի։

Ջամալյանը բնավ միակը չէ, ով վստահ է, որ Փաշինյանն իշխանության ղեկին է մնացել միայն արտաքին աջակցության շնորհիվ։ Նրա խոսքերով, իշխող վերնաշերտի պարագլուխը, կորցնելով ներքին լեգիտիմությունը, ապավինում է բացառապես արտաքին ուժերին, որոնք իշխանության բերեցին իրեն 2018-ին։ Միայն այդ ուժերն են շահագրգռված նրա վերարտադրմամբ։

«Նրա բառապաշարը թուրքի բառապաշարից ավելի վատթար է։ Նրա հայտարարությունները պետք է սթափեցնեն մեզ ։ Հասարակությունը պիտի գիտակցի իշխող ուժի վերարտադրության չնչին իսկ հնարավորությունը բացառելու անհրաժեշտությունը», հայտարարեց փորձագետը, նշելով, որ հակառակ դեպքում «Հայաստանին սպասվում է ինքնիշխանության լիակատար կորուստ, վերածում մի քանի երկրների գաղութի (Բրիտանիայի, ԱՄՆ-ի և այլն), իսկ հետո շատ արագ՝ թուրքական վիլայեթի»։

«Պատրանքների համար այլևս տեղ չկա։ Ժողովուրդը պիտի հասկանա. կա՛մ նամազի հեռանկար, կա՛մ արժանապատվություն։ Նրանք, ովքեր նամազ են ուզում, կարող են ընտրել Նիկոլին, որն անդադար սպառնում է ժողովրդին պատերազմով»,- ընդգծեց ռազմական փորձագետը՝ հիշեցնելով Ալիևի վերջերս արած այն հայտարարությունը, որ Ադրբեջանը օգտագործում է Հայաստանի օդային տարածքն առանց նրա համաձայնության։ Հայաստանին անտեսում են։ Նրա կարծիքը հաշվի չեն առնում։ Համեմատության համար. օրերս Թրամփը թույլտվություն խնդրեց Մակրոնից՝ Ֆրանսիայի օդային տարածքով հատուկ ռազմական բեռներ տեղափոխելու համար:

Ինքնիշխանության կորուստը հենց այդպիսի տեսք ունի։ «Փաշինյանի Հայաստանն ի վիճակի չէ վերահսկել իր օդային տարածքը»,- եզրափակեց Ջամալյանը։

Այս խորապատկերին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վերջերս հերքեց Ջերմուկում և Գեղարքունիքում 2025թ.ամռանը հայկական տարածքում ադրբեջանական զավթիչների խորանալու մասին լուրերը: Քաղաքականացված հանրությունը, սակայն, ճիշտ է համարում այդ առնչությամբ «Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանի տարածած հայտարարությունը: Արցախյան ազատամարտերի վետերանները նույնպես խոսում են այն մասին, որ Թաթոյանը միանգամայն հիմնավոր ապացույցներ է ներկայացրել իր հայտարարության վերաբերյալ, մինչդեռ նախարարի հերքումն ամենևին համոզիչ չէ։

«Եթե Թաթոյանը սուտ է ասում, ապա ինչո՞ւ նրան չեն դատում, չէ՞ որ իրենց մոտ դա լավ է ստացվում»,- հարց տվեց Արցախյան երեք ազատամարտերի վետերան Սեյրան Չիլինգարյանը: Մի՞թե երկրում կան մարդիկ, որոնք հավատում են, թե Ալիևը հետ կկանչի իր ստորաբաժանումները հայկական տարածքներից սահմանազատման արդյունքում։ Հենց այս հեքիաթներն է մեզ այսօր պատմում ռեժիմի վերնաշերտը։

Եթե Ալիևն իսկապես պատրաստ է հեռացնել իր ստորաբաժանումները բռնազավթած տարածքներից, ապա ինչո՞ւ են զավթած դիրքերում ամեն տարի ակտիվ աշխատանքներ տարվում տեխնիկական հագեցման ուղղությամբ, ինչպեսև ճանապարհներ կառուցվում ծանր ռազմական տեխնիկա բերելու համար։ Պապիկյանն ասում է, թե նման բան չկա, մինչդեռ ռազմագետները չեն բացառում նոր առաջխաղացումները հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ՔՊ-ի և Փաշինյանի վերարտադրության դեպքում: Եթե Փաշինյանը մնա իշխանության ղեկին, ապա բացառված չէ, որ սահմանազատման արդյունքում բռնազավթված տարածքները ճանաչվեն ոչ հայկական, ինչպես Տավուշի այն 4 գյուղերը…