Ծաղկազարդի տոնին Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ Նիկոլ Փաշինյանի մուտքից հետո տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված եղբայրների՝ Դավիթ և Միքայել Մինասյանների բնակարանում վաղ առավոտից կրկին խուզարկություններ են։ Այս մասին գրում է «Հրապարակը»։
Երկվորյակ եղբայրների փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը NEWS.am-ի հետ զրույցում այս տեղեկությունները ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց. «Մինչև դատական նիստը որևէ մեկնաբանություն չենք տալիս»,–ասաց նա։
Քննիչներն արդեն մեկ անգամ խուզարկել էին դպրոցական եղբայրների բնակարանը, սակայն այնտեղ որևէ բան չէին հայտնաբերել։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ մարտի 29–ին, Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները նախ հրելով ճանապարհ են բացել, իսկ երբ երիտասարդը նշել է, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ՝ վեճ է եղել։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման ենթարկեցին երիտասարդներին։
Այս գործով 3 անձ ձերբակալվել է, նրանից երկուսը 18 տարեկան երկվորյակ եղբայրներ են՝ Դավիթ ու Միքայել Մինասյանները, երրորդը հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանն է։
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն էլ հայտնել էր, որ ձերբակալված եղբայրներն ունեն բանտարկության հետ անհամատեղելի հիվանդություն։
Երեկ ձերբակալված եղբայրներից Միքայելն ազատ արձակվեց, նախաքննական մարմինը Դավիթին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել։ Երեկ դատարանը քննել է միջնորդությունը, այն կհրապարակվի այսօր ժամը 12։00-ին։
ՔԿ–ի հաղորդմամբ. «մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում
Դ.Մ.-ի (Դավիթ Մինասյան) նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը),
Մ.Մ.-ի (Միքայել Մինասյան) նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և
Գ.Գ.-ի (Գևորգ Գևորգյան) նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)»։
