Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած միջադեպի մասնակից եղբայրներից մեկը` Դավիթ Մինասյանը, կալանավորվեց 2 ամսով։ Նման որոշում կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ։
Երեկ հայտնել էինք, որ ՔԿ–ն միջնորդել է 2 ամսով կալանավորել նրան։
«Այն միջնորդությունը, որը ներկայացվել է դատարան, պաշտպանական թիմի կողմից ուղղակի ջախջախվել է։ 12-րդ դասարանի աշակերտը պետք է կալանքի տակ գտնվի, բայց մի շարք առանձնապես, ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող մարդիկ կարող են վարչական հսկողության տակ կամ տնային կալանքի տակ գտնվել։ Ոչ մի բան հաշվի չառան»,- լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Արմեն Մելքոնյանը։
Պաշտպանը նշեց՝ չեն հանձնվելու, անպայման բողոքարկելու են։
«Բա հո չե՞նք թողնելու, որ երեխեն էնտեղ մնա։ Հրել են, գցել են գետնին, անգամ տեսաերիզում երևում է, որ տղայի ծնոտը ցավում է։ Ժողովուրդ, այս մեղադրանքներն իրականության հետ ընդհանրապես աղերս չունեն։ Մենք հիմա մի տեղ ենք, որը լավ չի տանելու մեր երկիրը»,- ասաց Մելքոնյանը։
Փաստաբանը շեշտեց՝ այսօր դատարանը Դավիթին զրկեց դպրոցն ավարտելու իրավունքից։ Մելքոնյանի խոսքով՝ գործով երկու վկաներ են հարցաքննվել՝ թիկնազորի աշխատակիցներ։
18-ամյա Դավիթին, որն առողջական խնդիրներ ունի, տեղափոխելու են «Արմավիր» ՔԿՀ։
Sputnik Արմենիա
