Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը միջազգային միջնորդների ուշադրությանն է ներկայացրել շարունակվող ռազմական հակամարտության հետ կապված դիրքորոշման առանցքային կետերը, հայտնում է «ԻՌՆԱ»-ն։
Բաղային ընդգծել է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից իրականացվող անդադար հրթիռակոծությունների և ռմբակոծությունների պատճառով Իրանը գտնվում է օրինական պաշտպանության վիճակում:
«Մեր դիրքորոշումը չափազանց հստակ է. մենք պաշտպանվում ենք։ Ստեղծված պայմաններում մեր զինված ուժերը և ողջ ժողովուրդը 100%-ով կենտրոնացած են Իրանի տարածքի և ինքնիշխանության պաշտպանության վրա», — նշել է իրանցի դիվանագետը։
Իրանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ ներկայիս էսկալացիան Վաշինգտոնի և Թել Ավիվի «ագրեսիվ գործողությունների» ուղղակի արդյունքն է։
Բաղային առանձնացրել է ճգնաժամի ազդեցության մի քանի օրհասական ասպեկտներ.
Վտանգի տակ է հայտնվել Պարսից ծոցի, Օմանի ծոցի և Հորմուզի նեղուցի կայունությունը։ Հակամարտությունն արդեն իսկ ծանր հետևանքների է հանգեցրել համաշխարհային տնտեսական գործընթացների համար։
Էսմայիլ Բաղային հերթական անգամ հերքել է Իրանի միջուկային զենք ունենալու վերաբերյալ մեղադրանքները։ Ինչից հետո երկրի միջուկային ծրագիրն անվանել է «բացառապես խաղաղ»։ Նա նաև մատնանշել է հակառակորդների հայտարարությունների հակասականությունը։
«Հունիսին նրանք պնդում էին, թե ոչնչացրել են Իրանի միջուկային ծրագիրը։ Սա ապացուցում է, որ այս պատերազմը մղվում է քմահաճույքների ու հավակնությունների հիման վրա։ Սա «քմահաճույքի պատերազմ» է, որը պարտադրված է ոչ միայն Իրանին, այլև ողջ տարածաշրջանին, և դրա հետևանքները տեսանելի են մեր սահմաններից շատ հեռու», – նշել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
News.am
