Իրանում պատերազմը կարող է կա՛մ հետաձգել TRIPP նախագծի իրականացումը, կա՛մ էլ ամբողջությամբ փոխել այն։ Այս մասին ապրիլի 1-ին Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է քաղաքագետ, «APRI Armenia» վերլուծական կենտրոնի գիտաշխատող, արևելագետ Սերգեյ Մելքոնյանը:
Նրա խոսքով՝ նախագծի իրականացման ժամկետների հնարավոր տեղափոխման մասին խոսել են նաև պաշտոնյաները՝ մասնավորապես նշելով ԱՄՆ-ի կողմից դրա հանդեպ հետաքրքրության անկումը։ «Ինչ վերաբերում է նախագծի հնարավոր փոփոխությանը, ապա դա կախված է մի քանի գործոններից։ Օրինակ՝ Իրանում տիրող իրավիճակից՝ արդյո՞ք գործող իշխանությունը կպահպանվի և արդյո՞ք համաձայնության կգա ԱՄՆ-ի հետ։ Երկրորդ դեպքում Թեհրանը կարող է խստացնել իր դիրքորոշումը իրանական սահմանի մոտ ԱՄՆ ներկայության հարցում», – ասել է Մելքոնյանը:
Իրադարձությունների նման զարգացման դեպքում, ինչպես նշել է փորձագետը, Իրանի մտահոգությունը կարող է հաշվի առնվել։ «Մասնավորապես՝ Թեհրանը կարող է պահանջել, որ Հայաստանի Սյունիքի մարզում չլինեն ԱՄՆ անվտանգության ոլորտի ներկայացուցիչներ կամ ամերիկյան ընկերություններ», – հավելել է քաղաքագետը:
Սակայն պատկերը կարող է այլ լինել Իրանում քաոսի առաջացման դեպքում։ Մելքոնյանի կարծիքով՝ լուրջ և խոշոր ընկերությունները դժվար թե շահագրգռված լինեն ներդրումներ կատարել անկայուն տարածաշրջանում։
Իր հերթին «APRI Armenia» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանը հայտարարել է, որ Հայաստանի Սյունիքի մարզում երկաթուղու շինարարության ժամկետները բավականին անորոշ են։ Հետևաբար, որևէ տեղափոխման մասին խոսելը չափազանց դժվար է։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և Հայաստանը դեռևս գտնվում են բարդ իրավական գործընթացի փուլում։ «Նրանք փորձում են համադրել իրավական համակարգերը՝ իրավաբանական ուժ ունեցող երկկողմ պայմանագիր ստորագրելու համար, որը պետք է փոխարինի 2026 թվականի հունվարին հրապարակված շրջանակային փաստաթղթին», – ասել է Պողոսյանը։
Ինչպես նշել է փորձագետը, միայն դրանից հետո հնարավոր կլինի Հայաստանում ստեղծել և գրանցել TRIPP նախագիծն առաջ մղող ընկերությունը։ Հենց այդ ընկերությունն էլ պետք է սկսի երկաթուղու շինարարությունը։ Սրանից հետևում է, որ անկախ Իրանում տիրող պատերազմից, 2026 թվականի դեկտեմբերին շինարարությունը սկսելու հնարավորությունները չափազանց քիչ են։
«Ես չեմ բացառում, որ դա կարող է հետաձգել գործընթացը։ Սակայն պետք է նաև փաստել, որ իրական շինարարությունը կսկսվեր ոչ շուտ, քան 2027 թվականին։ Բավականին դժվար է ասել, որ շինարարությունը չի սկսվի կամ կսկսվի 2028 թվականին», — ընդգծել է Պողոսյանը։
