Հայաստանի իշխանությունները խոչընդոտում են Արմավիրի մարզում «Միասնության թևեր» շարժման նախընտրական գործունեությանը։ Այս մասին հայտարարվել է ապրիլի 1-ին հրավիրված հրատապ ճեպազրույցի ժամանակ։
Ինչպես հայտնել է շարժման ներկայացուցիչ Լևոն Չուկակլյանը, մի քանի օր առաջ Արմավիրում հանդիպում է տեղի ունեցել երիտասարդ կամավորների հետ, որի արդյունքներով լուսանկարներ են հրապարակվել։ Դրանից հետո հայտնի է դարձել, որ տեղական ինքնակառավարման մարմինները սկսել են այդ լուսանկարներն ուղարկել կամավորների աշխատավայրեր կամ ուսումնական հաստատություններ՝ փորձելով վախեցնել նրանց և ստիպել դադարեցնել շարժման հետ համագործակցությունն ու քաղաքական գործընթացներին մասնակցությունը։ «Սա ինքնին խոսում է, որ իշխանությունը վախեցած է երիտասարդներից, ովքեր մտածում են, հասկանում են, գիտակցում են իրավիճակը և փորձում են իրականացնել փոփոխություններ։ Նրանք փորձում են ձևավորել վախի մթնոլորտ, սակայն մենք այստեղ ենք ասելու, որ դա նրանց մոտ չի ստացվիի»,- հայտարարել է շարժման ներկայացուցիչը։ Նա հավելել է նաև, որ խախտումների փաստերով զեկույց է պատրաստվելու, որը ներկայացվելու է բոլոր համապատասխան միջազգային կազմակերպություններին և տեղական կառույցներին։ «Նրանք վերցրել են լրիվ նույն գիծը, որը տարվում էր նախկինում, ուղղակի զարմանալի է ինչո՞վ են տարբերվում նախկինից, որևէ բան կա՞, որ տարբերվում են նախկինից և իրենք նախկինեն արդեն, որ կան»,- նշել է նա՝ հավելելով, որ իշխանությունների ջանքերով Հայաստանում խարխլվում են ժողովրդավարության հիմքերը. մեկ անձի իշխանությունը պահելու համար նրանք պատրաստ են գնալ ամեն քայլի։
Շարժման մեկ այլ ներկայացուցիչ՝ Ստեփա Ասրյանը, պատմել է Մեծամորում տեղի ունեցածի մասին։ Շարժումը մտադիր էր քաղաքում գրասենյակ բացել, ընթանում էր փաստաթղթերի նախապատրաստումը։ Սակայն սեփականատերը հանկարծակի հրաժարվել է տարածքը վարձակալության տալ՝ առանց համոզիչ բացատրություն ներկայացնելու։ Ընդ որում, նա վախեցած տեսք է ունեցել։ «Այս մարդն աշխատում է պետական համակարգում որպես ծառայող, ՀԱԵԿ-ում Մեծամորի, և համայնքային իշխանություններն ու մարզային իշխանությունները տարբեր ձևեր գտնում են՝ ինչպես գործընկերս նշեց՝ շատերի ծնողների հետ խոսելով՝ մտնելով ընտանիքիներ փորձում են լռեցնել երիտասարդներին՝ խոչընդոտելով ամեն կերպ Մեծամոր համայնքում մեր տարածքը վարձակալելուն և Արմավիր համայնքում մեր գգործունեությունը իրականացնելուն։ ՏԻՄ-ը գործիք է դարձել իշխանությունների ձեռքում։ Նրանք չեն ներկայացնում տեղի բնակչության շահերը, այլ ծառայում են բացառապես կենտրոնական իշխանությունների շահերին», – հայտարարել է Ստյոպա Ասրյանը։
Ըստ նրա՝ իշխող վերնախավը հիանալի հիշում է, թե ինչ դեր է խաղացել երիտասարդությունն իրենց իշխանության գալու հարցում, և վախենում է, որ երիտասարդները կարող են կրկին ասել իրենց խոսքը։ «Մեր երկրում այլևս ժողովրդավարություն չկա. եթե իշխող վերնախավը մնա ղեկին, դիկտատուրա կհաստատվի»,- զգուշացրել է շարժման ներկայացուցիչը։
News.am
