ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցին զուգահեռ ՌԴ–ում ՀՀ դեսպանատան դիմաց տեղի է ունեցել բողոքի ակցիա` ի աջակցություն Հայ առաքելական եկեղեցու։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մամուլի ծառայությունից։
«Հավաքվածները հայտարարել են, որ չեն ընդունում իշխանությունների գործողությունները, որոնք, իրենց կարծիքով, ուղղված են Հայ առաքելական եկեղեցու դեմ և խարխլում են իրավական պետության հիմքերը: Ակցիայի մասնակիցները պահանջում էին դադարեցնել հալածանքները հոգևորականների, Հայ եկեղեցու, ազգային բարերարի և բոլոր նրանց նկատմամբ, ովքեր հանդես են գալիս ի պաշտպանություն Եկեղեցու»,– նշեցին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից:
Հավաքվածները կարևորել են հոգևոր և ազգային արժեքների պահպանումը ու իրենց համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդի ինքնության պահպանման երաշխավոր հանդիսացող հայ եկեղեցուն:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա է մեկնել այսօր։ Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ երկու երկրների ղեկավարները նախատեսում են քննարկել ռուս-հայկական հարաբերությունների վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր, մասնավորապես` Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային-լոգիստիկ կապերի զարգացումը:
