Ռուսաստանը կցանկանար, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին կարողանային մասնակցել բոլոր ռուսամետ ուժերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կրեմլում մեկնարկել է Փաշինյան–Պուտին հանդիպումը։
«Մենք միշտ անկեղծ երկխոսություն ենք վարում ձեզ հետ, և մենք կցանկանայինք, որ բոլոր քաղաքական ուժերն ու քաղաքական գործիչները կարողանային մասնակցել ներքաղաքական գործընթացներին: Նրանցից ոմանք անազատության մեջ են` չնայած ռուսական անձնագրեր ունեն: Դա ձեր որոշումն է, մենք չենք միջամտում, բայց ամեն դեպքում մենք կցանկանայինք, որ նրանք բոլորը կարողանային մասնակցել ներքաղաքական գործընթացներին»,–ասել է Պուտինը։
Նա հավելել է, որ անկախ նրանից, թե ինչ ելք կունենան Հայաստանում կայանալիք ընտրությունները, Ռուսաստանը հանձնառու է ամրապնդելու Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը Մոսկվա է մեկնել այսօր։ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները վերջին անգամ հանդիպել էին 2025 թվականի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում։
Sputnik Արմենիա
