Логотип

ԱԴՐԲԵՋԱՆԱԳԵՏ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԵԳԻՏԻՄԱՑՆՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԵՂԾ «ՊԱՏՄԱԿԱՆ» ԹԵԶԵՐԸ

Ադրբեջանն իր զրոյից հորինված, ամբողջությամբ զավթողական հայեցակարգերը դարձնում է միջազգային հարթակներում քննարկման առարկա, և դա անում է ՀՀ իշխանությունների օժանդակությամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը` անդրադառնալով Ադրբեջանի ՄԻՊ–ի և ԱԳՆ–ի վերջին հայտարարություններին։

Նշենք, որ օրեր առաջ Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևան հայտարարել էր, որ միջազգային կազմակերպությունները և ՄԱԿ-ի անդամ պետությունները պետք է սկզբունքային դիրքորոշում որդեգրեն «հայերի կողմից ադրբեջանցիների դեմ իրականացված էթնիկ զտումների և ցեղասպանության հանցագործությունների» շարքի հարցում, և 1918 թվականի իրադարձությունները ճանաչեն որպես «ցեղասպանություն»։ Խոսքը 1918 թ.–ի մարտի 31-ին ՀՅԴ–ի կողմից ադրբեջանցիների նկատմամբ, իբր, իրականացված կոտորածների մասին է, որոնք դեռևս Հեյդար Ալիևի կառավարման շրջանում հռչակվել են «ցեղասպանություն»։ Օրվա առիթով մարտի 31–ին Ադրբեջանի ԱԳՆ–ի տարածած հաղորդագրության մեջ ասվում էր. «Ադրբեջանցիները երբեք չեն մոռանա պատմության այս արյունալի էջերը»։

«Բնականաբար, իրական պատմական որևէ փաստ չկա, բայց այդ կեղծիքը արտահայտված է նաև Ադրբեջանի հանրակրթական դպրոցների ծրագրում։ Էդ ամբողջը ներկայացվում է որպես թե հայերը ֆաշիստներ են, ինչ-որ բաներ են արել, այսինքն՝ փաստական նյութ ընդհանրապես գոյություն չունի, բայց այդ հանգամանքը ներկայացնում է որպես տեղի ունեցած «ճշմարտություն»»,–ասում է Տաթևիկ Հայրապետյանը։

Ադրբեջանագետը շեշտում է, որ Ադրբեջանի օմբուդսմանի հայտարարության մեջ արտացոլված է իր երկրի պետական քաղաքականությունը` չբացառելով, որ հայտարարություններին կհետևեն նաև գործնական քայլեր, որոնք, հնարավոր է, դրական արդյունք ունենան Ադրբեջանի համար։ Մանավանդ, որ Ադրբեջանում այս հորինված թեմայով պարբերաբար ինչ-որ հիշատակումներ լինում են։

«Իրականում սա պետք է դառնար գլխացավանք հենց Ադրբեջանի համար։ Բայց երբ քո արտգործնախարարությունը, քո պետական պաշտոնյաները լծված են քո պատմությունը չեղարկելով, հարցականի տակ դնելով, Ադրբեջանն այդ ընթացքում քո հաշվին հորինում է իր պատմությունը, իր գոյություն չունեցող իրավունքները։ Եվ այս ցինիկ ու հակատրամաբանական աշխարհում բազմաթիվ անհավանական մտքեր կարող են դառնալ քննարկման առարկա, և որ ամենասարսափելին է` քո անգործության հետևանքով»,– նկատում է մեր զրուցակիցը։

Ասում է` Ադրբեջանի ագրեսիվ, զավթողական հռետորաբանությունն ինքնին նոր չէ, բայց դրանից ավելի վտանգավոր է ՀՀ իշխանությունների քաղաքականությունը, որով, ըստ էության, լեգիտիմացվում են Ադրբեջանի կեղծ, փաստական հենքից զուրկ թեզերը, համեմատականներ են անցկացվում հայերի նկատմամբ կատարված իրական հանցագործությունների և Ադրբեջանի հորինված պատմության միջև։

«Օրինակ, եթե Արցախի հետ կապված թեման փորձում են անհարկի համեմատության մեջ դնել «արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգի հետ, որն, ի դեպ, շրջանառության մեջ դրվեց Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելուց 2 ամիս անց, այսինքն` Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքական ուղղակի հետևանքն էր, դրանով կրկին Ադրբեջանի զավթողական հայեցակարգը դարձնում են օրինաչափ և նորմալ»,– նկատում է Հայրապետյանը։

Նրա խոսքով` Նիկոլ Փաշինյանն անում է քայլեր, որոնք Ադրբեջանի ձեռքին դառնում են գործիք Հայաստանի դեմ, հարցականի տակ դնում վաղուց արդեն հաստատված պատմական փաստերը։

Հավելենք, որ ՀՀ ԱԳՆ–ն 1918թ–ի «իրադարձությունների» վերաբերյալ Ադրբեջանի ՄԻՊ–ի և ԱԳՆ–ի հայտարարությունների առնչությամբ բավական «խաղաղասիրական» մեկնաբանություն է տվել «Արմենպրես» պետական գործակալությանը։

Մեկնաբանության մեջ բառացի ասված է .«Տասնամյակների պատմություն ունեցած հակամարտության ընթացքում ձևավորվել են մի շարք թշնամական, ոչ հավաստի նարատիվներ, որոնք, ցավալիորեն, Ադրբեջանում դեռ շարունակվում են օգտագործվել նաև պետական մակարդակով: Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ոչ միայն կծառայի երկու պետությունների և հասարակությունների միջև կայուն խաղաղ համակեցության և բարիդրացիական հարաբերությունների ձևավորմանը, այլև վերջ կդնի մտացածին թեզերի գոյությանն ու կբացառի ատելության խոսքը»:

Հավելենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում արցախցիների բռնի տեղահանության մասին խոսույթը վտանգավոր էր համարել` ասելով. «Մենք կարող ենք ասել էթնիկ զտում, հայելային ստանանք էթնիկ զտում, հետո` ցեղասպանություն, հայելային` ցեղասպանություն, ամեն ինչը` հայելային: Դա նշանակում է մուտք գործել կոնֆլիկտի ճանապարհ»։ Ավելին` այս թեմաները, ըստ Փաշինյանի, զարգանալու են, բախվելու են իրար ու դառնալու են պատերազմ։

Sputnik Արմենիա