«Ռոսատոմը» այս շաբաթ նախապատրաստում է Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ի անձնակազմի վերջին տարհանումը, այնտեղ կմնա մոտ հիսուն կամավոր։ Այս մասին հայտնել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։
«Այս շաբաթ ավելի քան 200 մարդ պետք է լքի կայանը և մեկնի Հայաստան… Մենք լիովին չենք հեռանա կայանից։ Բայց կմնան միայն կամավորները, մասնավորապես՝ մեր անվտանգության բաժնի տղաները»,-ասել է Լիխաչովը «Вести»-ի թղթակից Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
«Ռոսատոմի» ղեկավարը հավելել է, որ «ատոմային օբյեկտն ամբողջությամբ անուշադրության մատնել չի կարելի, սա է աշխատանքի բնույթը»։
Ավելի վաղ «Բուշեր» ԱԷԿ-ի տարածքը երեք անգամ ենթարկվել էր գնդակոծության՝ մարտի 17-ին, 24-ին և 27-ին։ Վերջին անգամ զինամթերքը պայթել էր պոմպակայանի անմիջական հարևանությամբ։
Պետական կորպորացիան արդեն իսկ օբյեկտից տարհանել է ավելի քան 400 մարդու։ Ներկայում «Բուշեր» ԱԷԿ-ում շարունակում է աշխատել շուրջ 320 մարդ։
Sputnik Արմենիա
