Логотип

ՊԱՐԱՊ ԴՈՒՔԱՆԻ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ. ԻՆՉՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՀԾ-Ի ԱՉՔԻՑ ՎՐԻՊԵՑ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԻՐԱՆՈՒՄ

Արտաքին հետախուզության ծառայություն կոչացյալ «սարը» զոռեց-զոռ տվեց և հունվարին վերջապես ծնեց «սատկած մուկ»՝ «Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026թ. զեկույց»: Ասել, որ սույն աշխատությունը վերլուծական ոչ մի արժեք իրենից չի ներկայացնում, կնշանակի՝ ոչինչ չասել։ Իրականում դա ահռելի հիմարություն է՝ փաթեթավորված պետական փաստաթղթի վերամբարձ ձևաչափով։

ԵՎ ԽՆԴԻՐՆ ԱՅՍՏԵՂ ՈՉ ԱՅՆՔԱՆ ԱՅՆ Է, ՈՐ ՔՐԻՍՏԻՆՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԱԾ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ 28-էջանոց փաստաթղթի գրեթե կեսը նվիրել է անմիջականորեն չհիշատակված, բայց յուրաքանչյուր տողի ու տառի տակից երևացող չար, անբարյացակամ, ագրեսիվ Ռուսաստանին, որի միակ բանուգործը Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմ» ծրագրելն է։ Եվ նույնիսկ ոչ էլ այն, որ Ռուսաստանը զեկույցում ենթադրվում է որպես Հայաստանի հանդեպ գլխավոր չարակամ ու թշնամի, ի տարբերություն Ադրբեջանի, որի ագրեսիվ հռետորաբանությունն ու գործողություններն ընդամենը «զգոնություն են հարուցում» մեր խորաթափանց արտաքին հետախույզների մեջ։

Այս մասին արդեն բազմաթիվ քննադատական դիտողություններ են հնչել հայկական լրատվական դաշտում, և կրկնելն անիմաստ է։ Այստեղ շարադրենք լոկ մի քանի բառ այն մասին, թե ինչն է դուրս մնացել մեր հանրության տեսադաշտից, սակայն հրապարակված զեկույցի բացարձակ անպետքության գլխավոր ապացույցն է:

Խոսքը իրանական խնդրի մասին է, որին ԱՀԾ-ի փաստաթղթում նվիրված էր ընդամենը մի փոքրիկ և ըստ էության ոչինչ չասող պարբերություն։ Դա մի քանի անգամ ավելի կարճ էր ոչ միայն Հայաստանի դեմ ՌԴ-ի «հիբրիդային պատերազմի» մասին տեքստից, այլև նույնիսկ տիկին Գրիգորյանի բացման խոսքից, որում նա անզուսպ գովաբանում էր իրեն և իր գերատեսչությունը՝ ստացվող տեղեկատվության մշակման և ապագայի կանխատեսումների շուրջ ահռելի աշխատանքների համար, որոնք, իբր, իրականանում են նախանձելի ճշգրտությամբ։

Ահա ուրեմն, Իրանի վերաբերյալ պստլիկ պարբերությունում ծառայությունը կանխատեսում է «լարվածության պահպանում» այդ երկրում ամբողջ 2026 թվականին՝ իրանա-իսրայելական հակամարտության անավարտության խորպատկերին։ Ու վե՛րջ։ Բացարձակապե՛ս։

Ստացվում է, որ երբ Թրամփն արդեն աշխարհով մեկ գոռում էր, որ պատրաստվում է հարձակվել Իրանի վրա, երբ ԱՄՆ ավիակիր խմբավորումներն արդեն դիրքեր էին գրավել իրանական ափերի մոտ, իսկ ՌՕՈՒ-ն Ամերիկայից ու Եվրոպայից ինտենսիվորեն տեղափոխվում էր մերձավորարևելյան բազաներ, և երբ բուն Իրանում դիտարկվում էր պաշտպանական պատերազմի նախապատրաստության դինամիկայի աննախադեպ ուժգնացում, մեր խորաթափանց հետախույզները սուրճի մրուրով գուշակությամբ հանգիստ տեքստ էին հորինում այն մասին, որ լարվածությունն Իրանում չի մարում։

ՑԱՆԿԱՑԱԾ ՄԻՋԱԿ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ, ԻՆՉՊԵՍև ՄԻԱՅՆ ԲԱՑ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂ ՊԱՐԶԱՊԵՍ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ և մտածելու ունակությամբ օժտված մարդ, հասկանում էր, որ շուտով Հայաստանի հարևան երկրում այնպես է ճայթելու, որ աշխարհին քիչ չի թվա։ Իսկ հայ հետախույզներին՝ Գրիգորյանի գլխավորությամբ, ոչ միայն համաշխարհային ԶԼՄ-ներում հրապարակվող բաց տվյալները, այլև ստացվող գաղտնի տեղեկությունները (եթե, իհարկե, այդպիսիք ունեն, ինչով պարծենում են) բավարար չեղավ, որպեսզի կանխատեսեն Իրանից բոցավառված փաստացի երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկը։ Իսկ հիմա ամբողջ Իրանն ու Մերձավոր Արևելքն արդեն հրի մեջ են, և այդ կրակի բոցերն ընդհուպ մոտենում են Հայաստանին։

Եվ ուրեմն կանխատեսումների ու իրողությունների այսպիսի անհամապատասխանությունից հետո ինչպիսի՞ն է հունվարի 20-ին հրապարակված պետական փաստաթղթի արժեքը՝ որպես նախանշված մարտահրավերներով ու հնարավորություններով երկրի անվտանգության հիմնական ուղեցույց: Ավաղ, այդ զեկույցն իր բովանդակությամբ ու ոճով ավելի շատ հիշեցնում է «Հայկական ժամանակ» թերթի կեղծ վերլուծական հոդված, ծայրեծայր հարմարեցրած իշխանության ճաշակին ու առաջնահերթություններին, որը ոչինչ ի վիճակի չէ տեսնել ու հասկանալ, բացի ղեկին մնալու ամենակուլ նպատակից։

Ափսոս միլիարդավոր դրամները, որ պոկեցին հարկատուներից և շռայլեցին ԱՀԾ-ի առանձին գերատեսչության ստեղծման ու սնուցման վրա, որը, ինչպես պարզվում է, ապրում ու աշխատում է պարապ դուքանի սկզբունքով։ Իսկապես՝ ափսոս…