Արցախի Հանրապետությունում իշխանազավթում կամ ճնշումների ներքո իշխանափոխություն չի եղել։ Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը այս հայտարարությունն արեց լրագրողների հետ զրույցում` պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իշխանության տարբեր ներկայացուցիչների մեղադրանքներին, թե 2023թ․ Արցախում իշխանազավթում է եղել։
Շահրամանյանի խոսքով՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը մի քանի անգամ հրաժարական տալու որոշում է կայացրել, սակայն Արցախի նախկին նախագահներն ու Ռուբեն Վարդանյանը, որը զբաղեցնում էր պետնախարարի պաշտոնը, նրան համոզել են չգնալ այդ քայլին։
«Վերջին անգամ էլ Արայիկ Հարությունյանն ասաց, որ պետք է հրաժարական տա և հիմնավորում էր իր որոշումը նրանով, թե կորցրել է ժողովրդի վստահությունը, չունի այն ռեսուրսը, որ իրականացնի գործողություններ, որոնք դուրս կբերեն Արցախն այդ վիճակից։ Որևիցե ճնշում քաղաքական գործիչների կողմից ես չեմ տեսել։ Վերջին ամիսներին Արայիկ Հարությունյանը նաև զբաղված էր թեկնածությունների որոնման հարցով, առնվազն 5-6 հոգու հետ խոսել է այդ հարցով։ Քանի որ Արցախի Սահմանադրության փոփոխությունից հետո պետք է ԱԺ-ն ընտրեր նախագահ, այդ նախագահը չէր լինի դասական նախագահ, նա պետք է զբաղեցներ այդ պաշտոնը մինչև ժողովրդական ընտրություններով ընտրված նախագահի լիազորությունների ավարտը։ Այդ նախագահը պետք է շարունակեր այն ծրագրերը, որոնք հաստատել էր գործող կառավարությունը»,- բացատրեց Շահրամանյանը։
Նրա խոսքով՝ Արայիկ Հարությունյանը փորձում էր այնպիսի թեկնածու գտնել, որը նաև ԼՂ ԱԺ-ում կստանար բավարար քվեներ ընտրվելու համար, իսկ դրա համար անհրաժեշտ էր 5 քաղաքական ուժերից առնվազն 4-ի համաձայնությունը։
ԱԺ-ում ամենամեծ քաղաքական ուժը Արայիկ Հարությունյանի առաջնորդած «Ազատ հայրենիք» կուսակցությունն էր, որը միաձայն սատարել է նրա որոշմանը։ Ինչ վերաբերում է գործող իշխանությունների մեղադրանքներին, թե ՀՅԴ-ն է զավթել Արցախում իշխանությունը, իշխանափոխություն արել, Շահրամանյանը շեշտեց՝ Դավիթ Իշխանյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահ, իսկ նրա թեկնածությունն անձամբ Արայիկ Հարությունյանն է ներկայացրել։
Sputnik Արմենիա
