Логотип

Իրանով Հայաստան տեղափոխվող բեռների մի մասը կորել է․ ՀՀ առևատրաարդյունաբերական պալատի փոխնախագահ

Իրանական Բանդար Աբաս նավահանգստում ստեղծված իրավիճակի պատճառով Հայաստան եկող բազմաթիվ կոնտեյներներ ուղղակի կորել են։ Դրանց գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն ստանալն այժմ անհնար է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Կարեն Իվանովը։ Նա նշել է, որ շատերն են դիմում պալատին նման խնդիրներով։

«Խնդիրը իրականում լուրջ է։ Մենք ունենք կոնտեյներներ, որոնք ուղղակի կորած են, նույնիսկ տեղը չգիտենք, բացարձակապես ինֆորմացիա չկա։ Կոմունիկացիայի խնդիր է։ Միգուցե ամեն ինչ նորմալ է ու կոնտեյները, օրինակ, Բանդար Աբասում են և սպասում են հանգիստ ժամանակի, որ հասնեն Հայաստան։ Սակայն հնարավոր է, որ այդ կոնտեյներն այլևս գոյություն չունեն։ Իրանի հետ կապ հաստատել գրեթե անհնարին է»,– նշեց Կարեն Իվանովը։

Անձամբ Կարեն Իվանովը նմանատիպ տասնյակ դեպքեր գիտի, սակայն հնարավոր է, որ այդ թիվն ավելի շատ է։ Սակայն, նրա խոսքով, խնդիրը միայն կորած բեռները չեն։ Նույնիսկ եթե ապրանքը տեղում է ու ավելի ուշ գտնվի, դրա տեղափոխման ծախսերն աճում են երկրաչափական պրոգրեսիայով։ Միջազգային շուկայում նավերի վարձակալության արժեքն արդեն իսկ թանկացել է շուրջ 30%-ով։ Լոգիստիկ ծախսերի ավելացումը, բնականաբար, բերելու է գնաճի։ Սակայն թանկացումը սպառողը կզգա 1-2 ամսից, երբ գործարարները կսպառեն պահուստային պաշարը։ Բեռնափոխադրման ժամկետը բավական երկար, երթուղու փոփոխության դեպքում այն կարող է հասնել մինչև 3 ամսի։

«Ճանապարհները երկարում են և ժամանակի առումով, և գնի առումով։ Որպես արդյունք կունենանք գնաճ։ Թե ինչքան կլինի թանկացումը, դժվար է այսօր գնահատել։ Մենք արդեն այդ խնդիրները տեսնում ենք, բայց սպառողը դեռ դա չի նկատել։ Կարծում եմ՝ մոտակա մեկ-երկու ամիս չի նկատվելու։ Ամբողջ աշխարհի լոգիստիկ շղթաները խափանված են։ Մինչև օպտիմալ տարբերակներ գտնեն, ամեն դեպքում դեպքում ժամանակ է պետք»,– ասաց Կարեն Իվանովը։

Առաջացած խնդիրները լուրջ են, վտանգները՝ մեծ,– նշում է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահը։ Ըստ նրա՝ վնասների չեզոքացման երաշխիքն այն է, որ ծովային բեռնափոխադրումների մեծ մասն ապահովագրված է։ Ինչը նշանակում է, որ բեռի կորստի դեպքում ֆինանսական վնասները կփոխհատուցվեն։ Հիմնական մտավախությունը արտադրական պրոցեսների ընդհատումն է՝ հումքի ուշացման պատճառով։

Ապահովագրությունը կարող է փակել ֆինանսական ճեղքերը, սակայն չի կարող լրացնել խանութների դատարկվող դարակները կամ կանխել արտադրական շղթաների խզումը։ Մասնագետների կանխատեսմամբ՝ եթե իրավիճակը շուտափույթ լուծում չստանա, ապա 1-2 ամիս հետո մենք կառերեսվենք ոչ միայն թանկացումների, այլև որոշ ապրանքատեսակների դեֆիցիտի։