Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը մեղադրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասարակությանը պառակտելու փորձերի համար։ Այդ մասին նա ասաց այսօր` Ապրիլյան քառօրյա պատերազմի մեկնարկի տարելիցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքները, թե Արցախում ղեկավարները «փախել են»։ Նրա այս խոսքերը Շահրամանյանը զառանցանք անվանեց և կոչ արեց հասարակությանը չտրվել նման սադրանքների, որովհետև նրա կարծիքով դրանց նպատակը մեկն է՝ սերմանել հասարակության մեջ անհանդուրժողականություն իրար նկատմամբ, որը գլոբալ մեծ ծրագրի մի մասն է։
«Ինչ վերաբերում է «փախան, ճողոպրեցին» հայտարարություններին, ուզում եմ հիշեցնել նման խոսույթ ունեցող անձանց, որ իրենք են եղել քաղաքական և դիվանագիտական առաջնագծում և հենց իրենց գործողությունների պատճառով է, որ արցախցիները հայտնվել են այս վիճակում, հայ ժողովուրդը կորցրել է Արցախը, և օկուպացված է այսօր ՀՀ զգալի տարածքներ, և այսօր Ադրբեջանը ներկայացնում է պահանջներ, որոնք Հայաստանի իշխանությունները ստիպված կատարում են»,- ասաց Շահրամանյանը։
Հիշեցնենք, որ մարտի 22–ին մետրոյում Նիկոլ Փաշինյանը բղավելով խոսել է արցախցի երիտասարդ կնոջ հետ, որը մանկահասակ երեխայի հետ էր։ Վարչապետին բարկացրել էր այն փաստը, որ կինը հրաժարվել էր վերցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչական խորհրդանիշ դարձած Հայաստանի քարտեզը՝ կրծքանշանի տեսքով։ Նա արցախցիներին «փախածներ» է անվանել ու ասել, որ չփորձեն իրեն մեղադրել Ղարաբաղը հանձնելու համար։
Sputnik Արմենիա
