Логотип

Աշոտ Դանիելյան․ Իշխանությունը փորձում է ջնջել Արցախի հետ կապված բոլոր հաղթանակները

ՀՀ իշխանությունները փորձում են Արցախի հետ կապված բոլոր հաղթանակները հանել մեր ժողովրդի հիշողությունից։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց Արցախի Ազգային ժողովի նախագահ, Արցախի նախագահի ԺՊ Աշոտ Դանիելյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու Ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցի օրն իշխանություններից որևէ մեկը չի եկել պանթեոն։

«Դա, իմ կարծիքով, պլանավորված ու ծրագրավորված գնում է։ Նրանց համար «Արցախ» բառն ու արցախցին երևի պետք է բոլոր տեղերից հանեն, սկզբից ասում էին՝ «մեր քույրն ու եղբայրները», հետո՝ «Արցախից տեղահանված», հետո՝ «Ղարաբաղից տեղահանված», վերջում էլ՝ «փախած», հաջորդը դեռ չեմ պատկերացնում»,- ասաց Դանիելյանը։

Նա հիշեցրեց, որ 2016թ․ պատերազմն Ադրբեջանի խնդրանքով է կանգնեցվել, և բոլորս տեսել ենք, թե ինչպես էին ՀՀ իշխանություններն այն ժամանակ աջակցում Արցախին և Պաշտպանության բանակին, իսկ 2020թ․ տեղի ունեցածը դեռ պետք է մանրակրկիտ քննվի։ Դանիելյանն առաջարկում է, որ ԱԺ-ն հրապարակի զեկույցը, որպեսզի հասարակությունը հասկանա՝ ովքեր էին տեղի ունեցածի մեղավորներն ու պատասխանատուները։

Ինչ վերաբերում է գալիք ընտրություններին, Դանիելյանը նշեց, որ սատարելու են ազգային այն ուժերին, որոնք պատրաստ են պահել հայկական, այլ ոչ թե այլ պետությունների շահերը, ու որոնց համար Արցախյան հարցը փակ չէ։ Շեշտեց՝ Արցախի հարցը մեկ մարդու հարց չէ, դա ազգային հարց է, միջազգայնորեն ամրագրված իրավունք, որը բարձրաձայնվելու է բոլոր միջազգային ատյաններում։

Sputnik Արմենիա