Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 2–ի նիստում հավանություն տվեց հետադարձ հիփոթեքի և ամուսնու բացառիկ սեփականության ինստիտուտների ներդրման վերաբերյալ որոշման նախագծերին։
Կադաստրի կոմիտե ղեկավար Սուրեն Թովմասյանը ներկայացնելով փաթեթը, նշեց, որ այս որոշմամբ ներդրվում է Հետադարձ հիփոթեքի ինստիտուտը և երկրորդը վերաբերում է ամուսնու սեփականության բացառիկ իրավունքի ինստիտուտի ներդրմանը։
Ըստ Կադաստրի կոմիտե ղեկավարի՝ հետադարձ հիփոթեքի ինստիտուտը գործում է ԱՄՆ-ում և հնարավորություն է տալիս թոշակի տարիքի անցած անձանց որոշակի առումով իրենց սեփականության պատկանող անշարժ գույքից ստանալ համապատասխան եկամուտներ:
«Սեփականատերերը թոշակի անցնելուց հետո ունենալու են հնարավորություն այս օրենսդրական փաթեթի ընդունման պարագայում, բանակցելով բանկի հետ (բանակցության վերաբերյալ պայմանները հստակ անձանագրված են օրենսդրական կարգավորումներով), այդ նույն տունը հանձնել բանկին հետադարձ հիփոթեքով՝ պահպանելով դրա նկատմամբ սեփականության իրավունքը, պահպանելով այդտեղ բնակվելու իրավունքը, և թոշակառու տարիքում ստիպված չլինեն վաճառել սեփական գույքն ու տեղափոխվել»,- ասաց նա:
Այս եկամուտը կգումարվի թոշակառուի համար վճարվող թոշակներին, կդառնա հավելյալ միջոց, որպեսզի անշարժ գույքի թոշակառու սեփականատերերը կարողանան ավելի բարեկեցիկ կյանքով ապրել:
Մյուս որոշման նախագիծը, որը վերաբերում է ամուսնու բացառիկ սեփականության ինտիտուտին, ենթադրում է հետևյալ կարգավորվումը. «Երբ ամուսինները ամուսնական կյանքի ընթացքում որևէ բնակելի անշարժ գույք են ձեռք բերում, նրանք տիրապետում են այդ անշարժ գույքը սեփականության իրավունքով, և որևէ ամուսնու մահից հետո ժառանգության ծավալ է բացվում, և ժառանգորդները հայտնվում են կենդանի մնացած ամուսնու հետ, դառնում են համասեփականատերեր:
Այս ինստիտուտի ներդրմամբ թույլ ենք տալիս, որպեսզի ամուսիններն իրենց ընտրությամբ ընտրեն իրավունքի այս տեսակը, որը թույլ կտա որևէ ամուսնու մահից հետո սեփականության իրավունքը մեկանձնյա պահպանել կենդանի մնացած ամուսնու համար, և հետագայում արդեն երկրորդ ամուսնու մահից հետո գույքը կտրվի ժառանգության: Սա թույլ կտա ապահովել կենդանի մնացած ամուսնու կյանքը, ապահովությունը, անվտանգությունը, կեցությունը, և հետագայում միայն կլուծվեն արդեն ժառանգության խնդիրները»:
Նիկոլ Փաշինյանն էլ կրկնեց իր նախկին աղմկահարույց հայտարարությունը, թե Երևանի կենտրոնում 500 հազար դոլար արժողությամբ տուն ունեցող թաշակառուն չպետք է նպաստ ստանա՝ հավելելով, որ նախագծով կատարվում է 2018 թ-ի իրենց խոստումը՝ թոշակառուների ազատության սահմաններն են ընդլյանում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ, օրինակ, եթե Մաշտոցի պողոտայում թոշակառուն ունի բնակարան, կարող է բանկի հետ ձևակերպել հետադարձ հիփոթեք, ինչի արդյունքում բանկը կգնի ամուսիններից բնակարանը և ամենամսյա կտրվածքով որոշակի գումար կփոխանցի ամուսիններին: Երկու ամուսինների մահվան դեպքում ժառանգորդը պետք է բանկից գնի տունը:
News.am
