Մենք հիմա պաշտպանում ենք ոչ թե Հայ Առաքելական եկեղեցին, այլ մեր պետականությունը։ Այս մասին ապրիլի 2-ին «Պետության և Հայ Առաքելական եկեղեցու հարաբերությունների ներկա վիճակի մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագծի քննարկման նպատակով կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։
«Եթե որևէ մեկին թվում է, թե եկեղեցու նկատմամբ արշավը պարզապես թիրախավորում է Հայ ազգային եկեղեցուն, սխալվում են, թիրախավորվում է պետականությունը, սահմանադրական կարգը», – ասել է Դանիելյանը։
Նրա խոսքով՝ եկեղեցին թուլացնելը դժվար է, սակայն իշխանություններն իրենք իրենց զրկեցին այն մեծ հնարավորություններից, որոնք կարող էին ունենալ, եթե վարեին ճիշտ, իրավաչափ սահմանադրական քաղաքականություն։ «Եկեղեցին շարունակում է ամուր մնալ», – վստահեցրել է պրոֆեսորը։
Նա հարց է բարձրացրել՝ ո՞րն է գործող իշխանությունների հակաեկեղեցական արշավի վերջնական նպատակը։ «Սինոդն առաջին անգամ ստեղծել է Օսմանյան Թուրքիան, որպեսզի կարողանա ազգային եկեղեցին դարձնի կառավարելի, վերահսկելի։ Նույն այս ինստիտուտը կիրառեց նաև Ցարական Ռուսաստանը, որը ևս ձգտում էր հնարավորինս ազգային եկեղեցին դարձնել վերահսկելի։ Եթե մենք ենք ուզում սինոդ ստեղծել, ապա նշանակում է՝ մենք իսկապես ուզում ենք եկեղեցին դարձնել կառավարելի, վերահսկելի։ Դրա մասին պետք է պարզ խոսել»,- հավելել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամը։
News.am
