Логотип

Մեղադրանքը ցույց է տալիս ՔԿ-ի միջամտությունը․ Մելիքյանը` եկեղեցու միջադեպի մասին

Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներին առաջադրված մեղադրանքը ցույց է տալիս պետական մարմինների ուղիղ միջամտությունը։ Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ այս հայտարարությունն արեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Ծաղկազարդի օրը Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին։

Փաստաբանն ընդգծեց, որ 18–ամյա տղաները եկեղեցում են գտնվել իրենց կրոնական պահանջմունքները բավարարելու նպատակով, սակայն միջադեպը ցույց է տալիս, որ պետական մարմինների միջամտությունը ուղղված է նրանց իրավունքների խախտմանը։

«Ի՞նչ նպատակով էին այնտեղ գտնվում Նիկոլ Փաշինյանը և նրան ուղեկցող մարդիկ, ըստ քննչական մարմնի` քաղաքական գործունեություն էին իրականացնում։ Սա ինքնին արդեն նշանակում է, որ քննչական մարմինը միջամտություն է իրականացնում։ Այսինքն՝ նորմալ է համարում, որ սա միջամտություն է այն քաղաքացիների կրոնական իրավունքների նկատմամբ, որոնք այդտեղ են կրոնական նպատակներով։ Այն հոդվածը, որը կիրառվել է Դավիթ Մինասյանի և ոչ միայն նրա նկատմամբ, ենթադրում է քաղաքական գործունեությանը միջամտելը։ Քաղաքական գործունեություն է իրականացվել` ըստ քննչական մարմնի, հիմա նաև` ըստ դատարանի, ըստ Մնացական Մարտիրոսյանի»,-ասաց նա։

Մելիքյանի գնահատմամբ՝ միջադեպի առաջացման հանգամանքները լիարժեք չեն ուսումնասիրվել։ Նրա խոսքով` միջադեպը վկայում է ոչ միայն իրավական խախտումների, այլև առողջ բանականության ու հանրային բարոյականության շրջանցման մասին․ 18-ամյա երիտասարդի նկատմամբ կիրառված խիստ միջոցները, նրա կալանավորումը և վերջին զանգին մասնակցելու հնարավորությունից զրկելը խոսում են այդ մասին։

«18 տարեկան երեխային կալանավորել են, զրկել են վերջին զանգի հնարավորությունից և պետական պաշտոնյաներով հրճվում են հրապարակավ, սա նույնպես ուղղակիորեն կապված է մեր եկեղեցու և դավանանքի ազատության հետ։ Սա ուղիղ միջամտություն է։ Ես արդեն սկսել եմ մտածել, որ ինչպես թաթար-մոնղոլական ժամանակներում էր, երբ դռները փակվում էին պատարագի ժամանակ, գուցե հիմա էլ եկեղեցին ստիպված լինի նույն քայլին դիմել»,-ասաց Մելիքյանը։

Նրա գնահատմամբ` համադրելի իրավիճակում ենք հայտնվել։

Sputnik Արմենիա