Логотип

Կրակոցներ Արարատի մարզում․ գյուղի բնակիչները մեղադրում են իրավապահներին

Արարատի մարզում կրակոցներ են հնչել, անհայտ անձը հրազենից կրակոցներ է արձակել Վեդի խոշորացված համայնքի Վանաշեն բնակավայրի Սարգիս Ճիրոյան փողոցի թիվ 29 տան ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ կայքի` դեպքը տեղի է ունեցել մարտի 30-ի կեսգիշերին։ Տուժածներ չկան, բայց Վանաշեն գյուղի բնակիչները համոզված են, որ սա անցյալ տարվա օգոստոսի 8-ի դեպքի շարունակությունն է (2025 թվականին գյուղամիջյան ավտոճանապարհին գտնվող ավտոլվացման կետի մոտ մեքենան վարելու շուրջ վիճաբանություն էր ծագել Արարատի մարզի մի խումբ բնակիչների միջև, որն ավարտվել էր կրակոցով, մեկ մարդ տեղափոխվել էր հիվանդանոց)։

«Մարտի 30-ի կրակոցը տեղի չէր ունենա, եթե իրավապահները տեղում լինեին։ Անցյալ տարվա օգոստոսի 8-ի դեպքը ոչ լիարժեք է բացահայտվել, ու դա դեռ շարունակություն է ունենալու, որովհետև միջադեպի հերոսները հովանավորվում են մարզի որոշ պաշտոնյաների կողմից, ու այդ պաշտոնյաները շատ լավ գիտեն, որ ոչ միայն գյուղում, այլև նաև մարզում իրենց անուններն են շոշափվում»,– ասել են բնակիչները։

Նրանք հուսով են, որ այս դեպքն անմիջական վերահսկողության տակ կվերցնեն ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը և կկատարեն օբյեկտիվ քննություն, հակառակ դեպքում, ըստ նրանց, հանցագործներին չպատժելը ավելի ծանր հանցագործություն է ծնելու։

Sputnik Արմենիա