Логотип

Ծեծելով uպանել են որդուս. 22-ամյա Պարգևի մայրը արդար դատավարություն է պահանջում

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, այսօր՝ ապրիլի 2–ին, ընթանում է մոտ մեկ տարի առաջ Էջմիածին քաղաքում ծեծի հետևանքով մահացած Պարգև Հակոբյանի գործով դատական նիստը, սակայն դատարանը որոշեց, որ այն չեն կարող լուսաբանել, քանի որ մեղադրյալները դեմ էին։

Պարգևի Հակոբյանի մայրը՝ Աիդա Գրիգորյանը NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց, որ քիչ առաջ դատական նիստը հերթական անգամ հետաձգվեց. «Այսօր մի քիչ սպասելիքներս մեծ էին, արդեն հասել էինք այն փուլին, որ ինձ պետք է հարցաքննեին, բայց ցավոք կան խանգարող հանգամանքներ, հետաձգվեց։ Արդեն մի տարի է արդեն անընդհատ ինչ-որ պատճառներով հետաձգվում է։

Մեկ տարի առաջ ապրիլի 23-ին, Վաղարշապատում հայտնի Գոջու տղաները ծեծելով սպանեցին որդուս, 13 օր հետո մայիսի վեցին մահացավ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ Այսօրվա նիստի հետաձգման պատճառը այն էր, որ նրանց կողմը անընդհատ միջնորդում է, որ տեսագրության դեմ ինչ-որ կասկածներ ունեն, մոնտաժված է, թե ոչ, հնարավոր է դեմքեր ֆիքսել, թե ոչ։ Ինքս էլ եմ փորձել հետաքրքրվել, գտնել մասնագետներ, ուղղակի կադրը բավականին հեռվից է արված։

Քննչական վարույթ է անցկացվել, որի ավարտին քննիչը հստակ նշել է գործողություն կատարողներին, իհարկե դեմքեր չի ֆիքսվում, բայց նրանց հագուստից հստակ երևում է, թե ոնց են հարվածներ հասցնում։ Որդիս ընկել է գետին և այլևս չի կարողացել վեր կենալ։

Հիմա իմ փաստաբանն էլ բնականաբար միջնորդեց, որ այդ հարցերը մենք պետք է քննենք, տեսնենք՝ արդյո՞ք այդ այն հարցերն են, որ այս գործին պիտանի է, թե վերջնական կունենանք մի հղում, որ փորձագետը կասի՝ դեմքեր չի ֆիքսվում, այսինքն տեսագրությունը չի կարող նույնականացվել անձանց հետ։

Այսինքն դուք նստած երեխա կորցրած մոր առաջ, պաշտպանում եք երկու մարդասպանի՞, փորձում եք ինչ-որ բաներ գտնել, արդարացնել կամ մեղմել պատի՞ժը։ Ինձ համար երեք եղբայրներն էլ մեղավոր են։

Ես չեմ կարող արդեն հասկանալ մեր արդարադատության դիրքորոշումը, այս դատական պրոցեսը։ Մի բան կասեմ, որպես որդի կորցրած մայր, մահապատիժ եմ ուզում։ Իհարկե, գիտեմ որ մեր երկրում դա չկա, հնարավոր չի, դրա համար արդար դատավարություն եմ ուզում։ Եթե արդար դատավարություն չլինի, սա տանելու է վրեժխնդրության, որից փորձել եմ ամեն կերպ խուսափել, որովհետև մտածում եմ, որ այո, այս երկրում գոյություն ունի արդարություն»,–ասաց մայրը։

Նա նշեց, որ ցավոք, հաջորդ դատական նիստը լինելու է ապրիլի 23–ին՝ այդ չարաբաստիկ օրը։

Հիշեցնենք, որ Պարգև Հակոբյանը ծեծի էր ենթարկվել նախորդ տարի ապրիլի 23-ին և մոտ երկու շաբաթ բուժհաստատություն գտնվելուց հետո մայիսի 6–ին մահացել էր։