Հայաստանը 2022-ից մինչև 2025 թվականը սպառազինության և ռազմական տեխնիկայի գնման համար ծախսել է 5,4 անգամ ավելին, քան 1998-ից մինչև 2018 թվականը: Մարտի 25-ին ԱԺ ամբիոնից նման հայտարարություն հնչեցրեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պարզաբանելով, որ այդ ծախսերի մեջ չեն մտնում ԶՈՒ բարեփոխմանն ուղղված միջոցները, կապիտալ ծախսերը, ինժեներական աշխատանքներն ու աշխատավարձի ֆոնդը: Խոսքը միայն ռազմական տեխնիկայի և սպառազինության գնման ծախսերի մասին է։ Այս հայտարարությունից հետո անմիջապես հարց առաջացավ. ուրեմն ինչո՞ւ է Փաշինյանը, սպառազինության գնման համար արված այդքան պատկառելի ծախսերով հանդերձ, վախեցնում ժողովրդին սեպտեմբերյան պատերազմով, եթե հունիսի 7-ին ՔՊ-ն պարտվի խորհրդարանական ընտրություններում։
«ԵԹԵ ԺՈՂՈՎՐԴԻ ՈՒՍԵՐԻՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՌԵԺԻՄԻ ԴՐԱԾ 8 ՄԼՐԴ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԸ իրոք ծախսվել է սպառազինություն գնելու վրա, ապա ինչո՞ւ է Փաշինյանն ասում, թե մեզ պատերազմ է սպասվում՝ ծանր հետևանքներով. ինքնիշխանության և տարածքների կորստով։ Ինչո՞ւ են մեզ ներշնչում, թե հայկական բանակն անպայման պարտվելու է պատերազմում»,- հարց է տալիս խմբագիր և հասարակական գործիչ Բորիս Մուրազին։
Նրա խոսքերով, պատերազմ հնարավոր է միայն մի դեպքում. եթե արևմտյան գործընկերները Ալիևին ստիպեն ռազմական գործողություններ սկսել հարևան Իրանի դեմ, իսկ նա ցանկանա արդարանալ, որ զբաղված է Հայաստանի դեմ ռազմական գործողություններ վարելով: Նման սպառնալիքը, Մուրազիի վարկածով, գոյություն ունի լոկ տեսականորեն և թերևս անհավանական է Իրանի դեմ ռազմական գործողությունների ներկայիս փուլի խորապատկերին: Իրականում Ալիևը պատերազմ չի սկսի առանց հաղթանակի բացարձակ երաշխիքների, իսկ նման երաշխիքներ ՔՊ-ի պարտության դեպքում նա չի ունենա։
«Ալիևը հիշում է ոչ միայն հաղթանակի, այլև 2020թ. հուլիսյան իրադարձությունների ժամանակ Հայաստանի հետ սահմանին կրած պարտության համը։ Հայկական ստորաբաժանումների պատասխան հարվածից հետո Ադրբեջանում ցուցարարները գրոհում էին պետական հիմնարկները՝ պահանջելով հարված հասցնել Հայաստանին: Նոր ագրեսիան կարող է խանգարել իշխանությունը որդուն հանձնելու Ալիևի ծրագրերին, ուստի նա նոր պատերազմ չի ծրագրում»,- վստահ է Մուրազին՝ չբացառելով, որ որոշակի հանգամանքներում «Ապշերոնի սուլթանը» կարող է սահմանային միջադեպ հրահրել Փաշինյանի պատվերով, բայց պատերազմել դժվար թե որոշի։
Այսօր բազմաթիվ վերլուծաբաններ խոսում են այն մասին, որ ընդդիմության հաղթանակի դեպքում պատերազմ չի լինի, քանզի ոչ ոք հաղթանակի երաշխիքներ չի տա Ալիևին։ Այս առիթով Մուրազին հիշեցրեց, այսպես կոչված՝ ստամբուլյան հավաքի մասին, որը նախորդեց 2023թ. սեպտեմբերի 19-ին Արցախում տեղի ունեցած ցեղասպանությանը: Ստամբուլում, ինչպես հայտնի է, հավաքվել էին արևմտյան երկրների ներկայացուցիչներ, որոնք վստահեցրին Ալիևին, որ Արցախից հայ բնակչության բռնի տեղահանման դեպքում Հայաստանը չի միջամտի՝ փորձելով պաշտպան կանգնել հայրենակիցներին: Այդ հավաքի մասին վերջին 3 տարիներին ստացված տեղեկությունները շատ հակասական են։ Միասնական կարծիք չկա ՀՀ ներկայացուցչի ներկայության (բացակայության) վերաբերյալ, բայց մեկ բան ակնհայտ է. արևմտյան և թուրք գործիչները երաշխիքներ են տվել Ալիևին ՀՀ իշխանությունների անունից, որ հայկական բանակը չի միջամտի, և Ադրբեջանի նախագահի ձեռքերն ազատ են:
Բոլորն էլ հիշում են Փաշինյանի հայտարարությունները, թե ինքը չի վտանգի Հայաստանը հանուն Արցախի, մի խոսքով՝ արդեն զավթած լինելով Արցախի Հանրապետության տարածքի 75 տոկոսը՝ Ալիևը ցեղասպանության որոշում կայացրեց միայն չմիջամտելու Երևանի երկաթե երաշխիքներից հետո։ Նման երաշխիքներ, կրկնում եմ, նրան տվել են Արևմուտքն ու Թուրքիան։ Հենց այդ պատճառով 2023թ. սեպտեմբերի 19-ի արցախյան դեպքերի ամենաթեժ պահին ՊՆ-ը տեղեկություններ տարածեց, որ հայ-ադրբեջանական սահմանին ամեն ինչ հանգիստ է, իսկ Փաշինյանը ստեց, թե Արցախի բնակիչները կարող են մնալ իրենց տներում, իբր՝ սարսափելի ոչինչ տեղի չի ունենում…
ՓԱՇԻՆՅԱՆԸ ՏԵՂՅԱԿ ԷՐ ԱՐՑԱԽՈՒՄ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԱԳՐԵՍԻԱՅԻ ՄԱՍԻՆ, ԴՐԱՆԻՑ ՄԻ ՔԱՆԻ ՕՐ ԱՌԱՋ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ ԷՐ ՈՒՆԵՑԵԼ ԷՐԴՈՂԱՆԻ ՀԵՏ։ Իշխանությունը հերքում է ընդդիմության այս ենթադրությունը, սակայն հերքումը համոզիչ չի թվում։ Է՛լ ավելի անհամոզիչ է այս օրերին Փաշինյանի ու իր թիմակիցների վայրահաչը խաղաղության երաշխիքների բացակայության մասին ընդդիմության հայտարարությունների առնչությամբ։ Ընդդիմությունն ասում է, որ խաղաղ գործընթացը երաշխավորներ չունի, Փաշինյանը պատասխանում է, թե դրանք պետք չեն։ Նրան հիշեցնում են, որ հայկական կողմը բարձրացրել է երաշխավորների հարցը երկկողմ բանակցությունների ընթացքում, սակայն պաշտոնական Բաքուն մերժել է այդ առաջարկը։
Քաղաքագետները ելնում են նրանից, որ «շաբաթվա վերջում» պատերազմի թեմայով զարհուրիկը գործեց 2024 թվականին Տավուշում։ Այն ժամանակ սահմանազատման ցուցանակի տակ Փաշինյանը ոչ միայն հանձնեց 4 գյուղերը, այլև կազմալուծեց բոլոր ամրաշրջաններից ամենահզորը՝ Տավուշի ամրավայրը։ 2024թ. մայիսի 24-ին Տավուշում սահմանային 24 դիրքեր լքեց 3-րդ բանակային կորպուսը։ Այն ժամանակ այդ զարհուրիկն աշխատեց 4 գյուղերի և ամենահզոր ամրաշրջանի մասշտաբով, իսկ այսօր նա որոշել է տարածել դա ամբողջ երկրում: Այն ժամանակ խոստանում էր «պատերազմ շաբաթվա վերջում», իսկ այսօր խոստանում է սեպտեմբերին. դե, մեկ էլ տեսար՝ ազդեց, ու մարդիկ վախից քվեարկեցին ՔՊ-ի օգտին…
Հիշեցնեմ, որ մայիսի 28-ին Փաշինյանը ծրագրում է զորահանդես, որը, ըստ նրա, լինելու է յուրօրինակ հաշվետվություն կատարված աշխատանքի մասին, այլ բնավ ոչ ուժի ցուցադրում: Փաշինյանին թույլ չեն տա ուժ ցուցադրել…
