«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ Կրեմլում դեռ շաբաթներ առաջ են վերջնական որոշման հանգել, որ Նիկոլ Փաշինյանի հետ հնարավոր չէ շարունակել հարաբերությունները, քանի որ նա Մոսկվայում մի բան է խոստանում, հասնում է Հայաստան` բոլորովին այլ բան է անում և գործում է հայ-ռուսական հարաբերությունների դեմ։
Ուստի բոլոր առանցքային կառույցների ղեկավարներին շրջաբերական է իջեցվել` ամեն ջանք գործադրել, որ Հայաստանում իշխանության գա հայ-ռուսական հարաբերությունները վերականգնելու ծրագիր ունեցող ուժ։ ՔՊ-ականները հույս են ունեցել Հայաստանում հակառուսական տրամադրություններ հրահրել, խոսել «հիբրիդային պատերազմի» և երաշխավորից ազատվելուց հետո «պետություն ձեռք բերելու մասին», բայց Ռուսաստանի հետ էլ «սիլիբիլի» անել:
Դա է պատճառը, որ Մոսկվա այցելության ժամանակ նախ Ալեն Սիմոնյանն է փորձել հանդիպել Հայաստանի հարցերով կրեմլյան կուրատոր Կիրիենկոյի հետ և մերժում է ստացել, ապա Փաշինյանն է փորձել կազմակերպել Արայիկ Հարությունյանի և Կիրիենկոյի հանդիպումը, դարձյալ՝ ապարդյուն։ Իսկ նախօրեին Պուտինն ուղիղ տեքստով ասաց, որ ով էլ լինի ՀՀ իշխանություն, իրենք աշխատելու են նրա հետ»։
News.am
