ՀՀ ՍԱՏՄ-ն այս պահին չի մեկնաբանում «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարի հայտարարությունը, թե Հայաստանի կողմից կարանտինային ապրանքների, այդ թվում՝ Ռուսաստան ներմուծվող ապրանքների նկատմամբ վերահսկողությունը անբավարար է։
ՍԱՏՄ Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ նշեց, որ տեղյակ են «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտի հայտարարությունից, սակայն չեն մեկնաբանում:
Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս»-ը, Սերգեյ Դանկվերտն ասել է, որ Հայաստանից Ռուսաստան մատակարարվող բուսական և անասնաբուժական արտադրանքի մասով մի քանի տարի առաջ սկսված բողոքները շարունակվում են։ Նա նշել է, որ այդ իրավիճակի լուծումը կարող է լինել ԵԱՏՄ-ի շրջանակներում տեղեկատվական համակարգերի ինտեգրումը, որը կապահովի արտադրանքի հետագծելիությունը:
«Հայաստանից եկող արտադրանքի տեսականին և քանակը ենթադրում են, որ դրանցից ոչ բոլորը հայկական ծագում ունեն։ Մենք այս հարցը լուծել ենք և՛ 2024, և՛ 2023 թվականներին»,- հայտարարել է գերատեսչության ղեկավարը:
Հիշեցնենք՝ «Ռոսսելխոզնադզորը» պարբերաբար խստացնում է հայկական տարբեր ապրանքների, այդ թվում՝ գյուղմթերքի վերահսկողությունը, ինչից հայ արտահանողները տուժում են։
