Բուսական և կենդանական ծագում ունեցող մթերքներն իրականում կարիք ունեն պատշաճ պետական վերահսկողության, քանի որ դա նաև մեր երկրի հեղինակության հարցն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գիտությունների ակադեմիայի Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագետ Դավիթ Պիպոյանը` անդրադառնալով Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտի հայտարարություններին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սերգեյ Դանկվերտը խոսել է Հայաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ ուժեղացված վերահսկողության մասին։ Նրա խոսքով՝ Հայաստանից ներմուծվող ապրանքների տեսականին և քանակը հիմք են տալիս ենթադրելու, որ ոչ բոլոր ապրանքները հայկական ծագում ունեն։
Ըստ Պիպոյանի` ամբողջ աշխարհում պետական վերահսկողության, ազգային մոնիթորինգային ծրագրերի շնորհիվ երկիրն իմանում է իր ապրանքների խնդիրները և, օրինակ, արտահանման ժամանակ չի բախվում դրանց հետ։
«Մեր երկրում տարբեր մոնիթորինգային ծրագրեր այսօր դադարեցվել են։ Եթե 10 տարվա կտրվածքով նայենք, վերջին մեկ–երկու մոնիթորինգն իրականացվել է կաթի, կաթնամթերքի, մսի, մսամթերքի ոլորտներում։ Եթե անգամ իրականացվում է մոնիթորինգ, ապա միայն միջազգային գործընկերների բողոքների հիման վրա, իսկ մեր ներքին սպառողներն այդպես էլ սպասումով են մնում, թե պետությունը կամ համապատասխան մարմինները երբ կորոշեն մեր երկրում ևս ապահովեն անվտանգության մակարդակ»,– ընդգծեց փորձագետը։
Նրա համոզմամբ` ի վերջո, բոլորը պետք է հասկանան, որ անվտանգ արտադրանքը և վերահսկողության բարձր մակարդակը հատկապես կարևորվում է արտահանման շուկաների դիվերսիֆիկացիայի նպատակով։
Այն մտահոգությունները, որոնք Ռոսսելխոզնադզորի ղեկավարը հնչեցրել է ապրանքների հետագծելիության սկզբունքի ներդրման պահով` Հայաստանից կոնկրետ հայկական ծագման մթերքի և ապրանքների արտահանման համար, դրանք, Պիպոյանի գնահատմամբ` ճիշտ պահանջներ են, որոնք պետք է խստորեն պահպանվեն։
Հայաստանից ներկրված ապրանքներում հայտնաբերված կարանտինային խնդիրների մասին հնչած գնահատականների առումով սննդաբանը նշեց, որ դրանք ավելի շատ վերաբերում են բուսասանիտարիայի բնագավառին` բույսերի վնասատուների հետ կապված խնդիրներ են և մարդու առողջության հետ կապ չունեն։
Sputnik Արմենիա
